Իրականում ներդրումները Հայաստանում ընդհանուր առմամբ կազմել են 2,23 մլրդ դոլար, եւ աճը անցած շրջանի համեմատ կազմել է 27 տոկոս, իսկ օտարերկրյա ուղղակի ներդրումները կազմել են 456 մլն դոլար։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում, 2020 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, դեկտեմբերի 6-ին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետի կարծիքով՝ դա բավարար չէ։ «Բավարա՞ր են արդյոք օտարերկրյա ուղղակի ներդրումները 456 մլն դոլարի չափով։ Ոչ, բավարար չեն։ Տարվո՞ւմ է արդյոք այս ուղղությամբ գործընթաց։ Իհարկե, այո»,- ընդգծել է կառավարության ղեկավարը՝ ավելացնելով, որ միջազգային վարկանիշային կազմակերպությունների գնահատականներով՝ Հայաստանի վարկանիշը բարձրացել է։ Փաշինյանի խոսքով՝ օտարերկրյա ներդրողները ուշադրություն են դարձնում այդ վարկանիշներին։ «Նրանք չէ՞ որ չեն կարող առավոտյան արթնանալ ու ճամպրուկներով փող բերել Հայաստան»,- նշել է վարչապետը։ Նա ընդգծել է, որ կառավարությունը ցանկանում է հասնել մեծ արդյունքների։ «Բայց անհրաժեշտ է հասկանալ հետեւյալ տրամաբանությունը. մենք ավելացրել ենք ծավալով հեղափոխական բյուջեի եկամուտները։ 2018-ի համեմատ գրանցվել է եկամուտների աճ 353 մլրդ դրամի չափով։ Մեկուկես տարում՝ 353 մլրդ դրամ, պատկերացնո՞ւմ եք, ինչ ցուցանիշների մասին է խոսքը։ Մենք էլ գոհ չենք դրանից, բայց ակնհայտ է հետեւյալ տրամաբանությունը. մենք բարձրացնում ենք նշաձողը 100 կետից, եւ անհրաժեշտ է անցնել այդ բոլոր 100 կետերով։ Իհարկե, կարելի է երկու աստիճանի վրայով թռչել, հիմա մենք չորսից ենք թռել։ Մեր ընդդիմախոսներն ասում են, իբր, միանգամից 12 աստիճան թռեք։ Նման բան լինել չի կարող, ոչ ոք առհասարակ նման բան անել չի կարող։ Թեեւ մեզ դուր է գալիս, որ մեզ ասում են, իբր, թռեք 12, 24 աստիճան։ Այ այդպես ոգեւորում եք մեզ, եւ դա անպայման մեզ թեւեր կտա»,- ասել է գործադիր իշխանության ղեկավարը։