Ղարաբաղի վերաբերյալ բանակցային գործընթացը ցույց տվեց, որ Ադրբեջանն իր վերաբերմունքը Հայաստանի հանդեպ չի փոխել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում դեկտեմբերի 6-ին ասաց Երեւանի պետական համալսարանի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է դառնա բարձրախոս տարածաշրջանի բնիկ ժողովուրդների համար, եւ այդ ժողովուրդներին վերցնի պաշտպանության տակ՝ հաշվի առնելով իր պետական շահերը։ «Այդ ժողովուրդների գիտակից մասը Հայաստանը դիտարկում է որպես դաշնակից։ Եթե մենք կարողանանք խորացնել այդ դաշնակցային հարաբերությունները, ապա հնարավոր կլինի մեր առաքելությունը համարել դրական։ Ադրբեջանը բացահայտ թշնամանք է ցուցաբերում Հայաստանի հանդեպ։ Շատ է խոսվել խաղաղությանը ժողովուրդներին պատրաստելու մասին։ Ես կարծում եմ, որ մենք պատրաստ ենք խաղաղություն կնքել Ադրբեջանի Հանրապետության բնիկ ժողովուրդների հետ։ Ադրբեջանի հայեցակարգը բնավ միատարր երեւույթ չէ։ Եվ այդ բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները, որոնք գալիս են Երեւան, ապացուցում են, որ նրանք պատրաստ են մեզ հետ ստեղծել խաղաղության այդ մթնոլորտը՝ անկախ Բաքվի ռեժիմի հակահայկական քարոզչությունից»,- նկատել է Վարդան Ոսկանյանը։