ՀՔԾ-ն մերժեց «Մարտի 1-ի» գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզումը վերացնելու հարցով պաշտպան Միհրան Պողոսյանի միջնորդությունը։

Այս մասին NEWS.am-ի հարցմանն ի պատասխան ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Հիշեցնենք, որ 2018 թ. դեկտեմբերի 30-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Վահագն Հարությունյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանքի որոշում կայացրեց, որը սակայն փետրվարի 6–ին վերաքննիչ դատարանը բեկանեց եւ գործն ուղարկեց առաջին ատյանի դատարան նոր քննության։ Մարտի 1-ի գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար մեղադրվող Վահագն Հարությունյանին առաջադրված մեղադրանքը լրացվել է 2018թ. դեկտեմբերին։

Նա, որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 308–րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ) եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով):

Նշենք, որ Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշում էր կայացրել նաեւ 2018թ. նոյեմբերի 2-ին՝ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցներ կեղծելը կազմակերպելու համար։ Սակայն դեկտեմբերի 12-ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել էր առաջին ատյանի որոշումն ու վերացրել Վահագն Հարությունյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի որոշումը։

Վահագն Հարությունյանն այս տարվա հուլիսին ազատվել էր Քննչական կոմիտեի նախագահի տեղակալի, հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչության պետի պաշտոնից: