Պարտքերը չվճարած անձանց անունների հրապարակման կետը անհրաժեշտ է պահպանել: Այս մասին դեկտեմբերի 6-ին ԱԺ նիստում «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը:

Նշենք, որ նոր օրինագծով առաջարկվում է «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում չեղարկել դրույթը, որը Հայաստանի Կենտրոնական բանկին լիազորում է հրապարակել անբարեխիղճ վարկառուների անունները եւ անվանումները: Թանդիլյանը, մասնավորապես, հետաքրքրվեց, թե Կենտրոնական բանկը երբ է վերջին անգամ հետեւել օրենքին եւ հրապարակել անբարեխիղճ պարտառուների ցուցակը:

«Ըստ էության՝ ներկայումս այդ դրույթն ուժի մեջ է մնում, եւ ես ձեզ համառորեն կոչ եմ անում հետեւել օրենքի պահանջին ու հրապարակել անբարեխիղճ պարտառուների ցուցակը, որոնք կան ընթացիկ տարվա սեպտեմբերի 30-ի դրությամբ: Նաեւ պատասխանեք իմ հարցին՝ ի՞նչ կարծիքի եք, ինչպիսի՞ն են դատարանում իմ հաղթելու հնարավորությունները, եթե ես հայց ներկայացնեմ եւ պահանջեմ, որ Կենտրոնական բանկը այդ ցուցակը հրապարակի, ինչպիսի՞ պատիժ կկրի Կենտրոնական բանկը օրենքի այդ դրույթը չկատարելու համար»,- հայտարարեց պատգամավորը: Նա նշեց, որ հրապարակայնությունն օգնում է վերահսկել անբարեխիղճ պարտառուներին, որոնք ստիպված են աչալրջությունը դրսեւորել:

«Այսպիսի մարդկանց պահվածքի պատճառով է նաեւ մեր երկրում տոկոսադրույքներն այդքան բարձր: Ես շարունակում եմ պնդել, որ այդ դրույթը պետք է պահպանվի, քանի որ այն կատարում է նախազգուշական գործառույթ եւ ոչ մեկի իրավունքները չի ոտնահարում՝ քաղաքացիների անհատական տվյալների պաշտպանության առումով»,- ամփոփեց Թանդիլյանը: