Պարտիզանական պայքարի վերաբերյալ հայտարարությունները ցնցել են շատերիս: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 6-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով ՀՅԴ-ականների հայտարարություններին:

«Պարտիզանական «ջոկատների» հայտարարությունը, իհարկե, ցնցել է շատերիս եւ նման բաց տեքստով նման հանձնարարականները առնվազն տարակուսանք են առաջացնում: Այն առանձին անձինք, որոնք արատավորում են «Դաշնակցություն» կուսակցության անունը, հենց «Դաշնակցությունն» ինքը ներսից միջոցներ պետք է ձեռնարկի նման դրսեւորումները, նման երեւույթները կանխելու համար եւ թույլ չտալու հակապետական գործունեություն ծավալել»,- ասաց Լիլիթ Մակունցը:

Դիտարկմանը, որ ըստ տեղեկությունների Հրանտ Մարգարյանն է ՀՅԴ գաղտնի ժողովում նման հայտարարություն արել, իրե՞ն եք համարում հակապետական գործիչ, Լիլիթ Մակունցը արձագանքեց. «Ես համարում եմ, որ բոլոր հայտարարությունները, որոնք միտված են հակապետական գործողություններին, այդ հայտարարություններ անող անձինք հակապետական գործիչներ են»:

Նրա կարծիքով՝ իրավապահ մարմինները եւ Ազգային անվտանգության ծառայությունը ցանկացած վտանգի դեպքում միջոցներ կձեռնարկի եւ անհրաժեշտ բոլոր գործողությունները կձեռնարկի:

«Այլ հարց է, որ այստեղ նաեւ «Դաշնակցություն» կուսակցության ընդհանուր հեղինակության արատավորումն է եւ նսեմացումը: Իսկ «Դաշնակցությունում»՝ հանձինս երիտասարդների, մենք տեսանք, որ բավականին ազնիվ եւ պարկեշտ անձինք կան»,- ասաց Մակունցը:

Հիշեցնենք, որ համացանցում տարածվել էր մի նամակ՝ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անունից, որում մանրամասներ են հայտնում ՀՅԴ գաղտնի ժողովից: Հայտարարությունում ասվում է, որ հոկտեմբերի 31-ին ՀՅԴ Գերագույն մարմինը հրավիրել է հայաստանյան կոմիտեների ժողով, որին ներկայիս ԳՄ և Բյուրոյի անդամներից բացի, ներկա է եղել նաև ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ ընկեր Հրանտ Մարգարյանը. «Ընկերոջ համոզմամբ՝ մենք, որպես դաշնակցություն, պետք է պարտիզանական հարվածներ հասցնենք ներկա իշխանություններին»,- ասվում էր հայտարարությունում:

Ավելի ուշ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում ասվում է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը պաշտոնապես հայտարարում է, որ կոտրվել է միության պաշտոնական էջի գաղտնաբառը, և արդեն մի քանի օր է՝ սոցցանցերում ստեղծվում են միության անունը կրող կեղծ էջեր: Այսօր որոշ լրատվամիջոցներով և կայքէջերով տարածվել է անստորագիր մի գրություն, որը որևէ առնչություն չունի միության պաշտոնական տեսակետի հետ»:

Այսօր տեղեկություն տարածվեց, որ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի որոշմամբ` Արտակ Մելիքյանը, Վանիկ Չալոյանը և Անուշ Հովհաննիսյանը արտաքսվել են ՀՅԴ շարքերից, հայտնում է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը։ ՀՅԴ-ից հայտնեցին, որ պատճառը եղել է ներքին կանոնադրության խախտումը։ Նշենք, որ երեկ երիտասարդները «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում նշել են, որ իրենք դեմ են եղել ԿԳՄՍ նախարարի դեմ ցույցերին։