Հայաստանում ճանապարհային երթեւեկության կանոնները խախտող վարորդների համար սահմանվելու է բալային համակարգ: Այս մասին դեկտեմբերի 6-ին ԱԺ նիստում Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը: Նա մասնավորապես պարզաբանեց, որ ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար տուգանքների չափի մեծացումն այլեւս չի նպաստում ճանապարհային պատահարների նվազեցմանը: Խոսելով կոնկրետ փոփոխությունների մասին՝ փոխոստիկանապետը նշեց, որ վարորդներին մեկ տարվա համար տրամադրվելու է 9 բալ: Խախտում գրանցելու դեպքում այս 9 բալից ավտոմատ հանվում են տուգանային միավորները:

Նշենք, որ խոսքը 0,5, 1, 2, 3, 4 բալային խախտումների մասին է: Եթե մեկ տարվա ընթացքում այս 9 բալը սպառվի, ապա վարորդը 6 ամսով վարորդական իրավունքից կզրկվի: Այս ժամկետը լրանալուց հետո իրավունքը կրկին կվերականգնվի, ինչպես նաեւ կտրամադրվի նոր 9 բալ: Եթե վարորդը երկրորդ անգամ օգտագործի իր 9 բալերը, ապա այս անգամ վարորդական իրավունքից կզրկվի մեկ տարով: Այն կարող է վերականգնվել տեսական եւ գործնական քննություն հանձնելուց հետո: Միաժամանակ, 6 ամսով վարորդական իրավունքից զրկվածները հնարավորություն ունեն վաղաժամյկետ իրավունքը վերադարձնել մեքենա վարելու տեսությունից քննություն հանձնելու միջոցով, բայց ոչ ավելի վաղ, քանի իրավունքից զրկվելուց հետո 3 ամիս լրանալուց հետո: Այն դեպքում, եթե վարորդի հաշվեկշռում մնացել է 3-4 բալ, նա մեկ անգամ իրավունք ունի 2 բալ վերադարձնել՝ տեսական քննություն հանձնելով:

Դրա հետ մեկտեղ Մովսիսյանը նշեց, որ իրավախախտումների որոշ տեսակներ քրեականացվել են: Ըստ այդմ՝ մեքենան այն անձի կողմից վարելու դեպքում, ում վարելու իրավունքը կասեցվել է, նախատեսված է քրեական պատասխանատվություն՝ 200-300 հազար դրամի տուգանք, կամ մինչեւ 2 ամիս ժամկետով կալանք՝ մեկ տարի ժամկետով որոշակի կարգի գործունեություն վարելու արգելքով: Իսկ մեքենան ոչ սթափ անձի կողմից վարելու դեպքում, ում վարելու իրավունքը կասեցված էր, նախատեսվում է քրեական պատասխանատվություն սահմանել 300-500 հազար դրամի տուգանք, կամ մինչեւ 6 ամսով կալանք՝ 2 տարով որոշակի կարգի գործունեություն վարելու արգելքով: Ընդ որում՝ վարորդական իրավունքից զրկված անձի կողմից մեքենա վարելու դեպքում նրան սպառնում է 200-300 հազար դրամի տուգանք, կամ մինչեւ 2 տարի ժամկետով կալանք: Միաժամանակ հանդիպակաց ուղեմաս դուրս գալու դեպքում իրավախախտից կհանվի 3 բալ: