Ուրբաթ ԱՄՆ գերագույն դատարանը արգելափակել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմի հայցը՝ սպանության համար դատապարտված 4 անձանց դաշնային մահապատիժների վերականգնման մասին, հայտնում է Fox News-ը:

Մահապատիժները պետք է սկսեին իրականացնել հաջորդ շաբաթ:

Դատավորները աջակցել են առաջին ատյանի դատարանի որոշմանը բանտարկյալների այն հայտարարությունից հետո, որ մահացու ներարկումները խախտում են դաշնային օրենքը:

Դատավոր Տանյա Չուտկանը մահապատիժների ժամանակավոր արգելք էր սահմանել՝ հայտարարելով, որ դրանք հակասում են դաշնային օրենքին:

Հուլիսին ԱՄՆ գլխավոր դատախազ Ուիլյամ Բարրը հայտարարել էր, որ դաշնային կառավարությունը դաշնային մահապատիժները կվերականգնի 16-ամյա ընդհատումից հետո. մահապատիժն իրականացվելու է պենտոբարբիտալի մահացու ներարկման միջոցով:

Երեք մարդուց բաղկացած ընտանիքի, ներառյալ 8-ամյա տղայի սպանության համար մեղադրվող Դեննի Լիի մահապատիժը նախատեսված էր առաջիկա երկուշաբթի: Այնուհետեւ դեկտեմբերին եւ հունվարին պետք է տեղի ունենային 16-ամյա աղջկա եւ 80-ամյա կնոջ սպանած ու մասնատած Ուեսլի Փերքիի, հարազատ 2 տարեկան դստերը խոշտանգած եւ սեռական բռնության ենթարկած Ալֆրեդ Բերջեսի եւ 5 մարդու, ներառյալ 2 երեխայի սպանած Դասթին Լի Խոակինի մահապատիժները: