Վեներա աստվածուհու ուշ պալեոլիթի դարաշրջանի (40-12 հազար տարի մ.թ.ա.) արձանիկ է գտնվել Ամիեն քաղաքի Ռենանկուր շրջանում (Պիկարդիայի դեպարտամենտ, Ֆրանսիայի հյուսիս), տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Հնագիտական նախնական հետազոտությունների ազգային ինստիտուտի (INRAP) կայքում հրապարակված հաղորդագրությանը։

Ըստ գիտնականների՝ խոսքը բացառիկ գտածոյի մասին է, քանի որ արձանիկը հիանալի վիճակում է։

«Արձանիկը 4 սանտիմետր բարձրություն ունի եւ պատկանում է ուշ պալեոլիթի գրավեթյան մշակույթին։ Այն 23 հազար տարեկան է»,- ասվում է հաղորդագրությունում։ Նշվում է, որ Վեներայի տարիքը փորձագետները որոշել են ռադիոածխածնային ուսումնասիրության միջոցով։

Բացի այդ, արձանիկի կողքին գիտնականները գտել են մի քանի կավե կտորներ եւ գործիքների մնացորդներ։ Այդ գործիքների ճշգրիտ նշանակությունն առայժմ անհայտ է, բայց հնագետների կարծիքով՝ այստեղ կարող էր արհեստանոց եղած լինել, որտեղ տեղի արհեստավորները պաշտամունքի իրեր են պատրաստել։

Լրացուցիչ հետազոտությունների անցկացումից հետո արձանիկը կցուցադրվի Ամիենի (Պիկարդիա) թանգարանում։

Եվրոպայի տարածքում գտնվել է մոտ հարյուր նման արձանիկ։ Դրանց մեծ մասը՝ ժամանակակից Ռուսաստանի եւ Կենտրոնական Եվրոպայի տարածքում։ Դրանցից 15-ը հայտնաբերվել է Ֆրանսիայում, գերազանցապես հարավարեւմտյան մասում։

Գրավեթյան մշակույթը ուշ պալեոլիթի հնագիտական մշակույթ է, թվագրվում է 28-21 հազար տարի մ.թ.ա.։ Անվանվել է Լա Գրավեթ քարայրի անունով (Դորդոբ դեպարտամենտ, Ֆրանսիայի հարավ-արեւմուտք), որտեղ 1930-ականներին գտնվել են այդ դարաշրջանին բնորոշ քարե գործիքներ եւ կենցաղային առարկաներ։