Մենք տարիներ շարունակ խրոնիկ իրավիճակ ունենք արտաքին ֆինանսավորմամբ իրականացվող դրամաշնորհային ծրագրերի հաշվին կատարվող կապիտալ ծախսերի հետ: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ անդրադառնալով նրան, որ այս տարի կապիտալ ծախսերի մասով կա ակնհայտ թերակատարում:

Ջանջուղազյանի խոսքով, մենք միշտ ներքին ռեսուրսների հաշվին կապիտալ ծախսերի շատ սահմանափակ հնարավորություն ենք նախատեսել բյուջեում: «Կապիտալ ծախսերի հիմնական մասը կապված է եղել արտաքին ֆինանսավորմամբ ծրագրերի  հետ: Ներքին ռեսւորսների հաշվին կատարվող կապիտալ ծախսերը միշտ կատարվել են 100 տոկոսով, իսկ արտաքին միջոցների հաշվինը՝ էականորեն տարբերվող 100 տոկոսից:

Շեղումը պայմանավորված է նրանով, որ կար մի կարգավորում բյուջեի մասին օրենքով, որով հնարավորություն էր տրվում արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի դեպքում՝ բյուջեով նախատեսվածից ավելի կատարողական ունենալ:

Հիմա ունենք մի վիճակ, որ ունենք շատ ավելի մեծ ֆիսկալ տարածք կապիտալ ծախսերի համար ներքին ռեսուրսների հաշվին, մյուս կողմից ունենք ձգտում, հավակնություններ փոխել ընդեհանրապես մեր մոտեցումը արվող աշխատանքի նկատմամբ»:

նա հավելեց, որ հիմա ուզում են, որ ոչ թե յոլա գնալու տրամաբանությամբ անել աշխատանքը, այլ անել լավագույնս. «Դրա հետ կապված ունենք համեմատաբար ցածր կատարողական: Այսինքն կատարման տոկոսը ծրագրի նկատմամբ ցածր է, իսկ ընդհանուր առմամբ, կատարված կապիտալ ծախսերը նախորդ տարվա համեմատ աճել են: Խնդիրն այն է, որ ծրագրային ցուցանիշն ավելի արագ է աճել, քան փաստացի կատարումը:

Հիմա ինչ պետք է անենք: Կապալառուները պետք է փոխվեն եւ բարելավեն որակը, դրա համար պետք է ներդրումներ անեն: Եվ իրենք պետք է փոխվեն, եւ մենք պետք է փոխվենք: Եվ այդ փոփոխությունը պետք է լինի կտրուկ»: