«Ֆորմուլա 1-ի» մրցարշավային Ferrari-ն, որով Միխայել Շումախերը նվաճեց հինգերորդ չեմպիոնական տիտղոսը, վաճառվեց Արաբական Էմիրությունների աճուրդում։ Անհայտ գնորդը 219 համարի Ferrari F2002-ի համար վճարեց ավելի քան 6,6 մլն դոլար, գրում է «Մոտոր»-ը։

219-ի մրցարշավային պատմությունն սկսվել է 2002 թվականին, Բարսելոնայի թեստերում։ Բոլիդի ղեկին Սան Մարինոյի Գրան պրիի դասակարգման ժամանակ Շումախերի զուգընկերն էր՝ Ռուբենս Բարիկելոն։ Իմոլում մրցարշավից առաջ «219»-ը անցավ Շումախերին։ Նրան հաջողվեց երեք անգամ հաղթել F2002-ում 219 համարով՝ Սան Մարինոյում, Ավստրիայի սկանդալային մրցարշավում եւ Ֆրանսիայի Գրան պրիում։

Ավստրիական А1 Ռինգում 2002-ին Ռուբենս Բարիկելոն, ենթարկվելով բոքսերից տրված հրամանին, ցուցադրաբար հաղթանակը շնորհեց Միխայել Շումախերին հենց վերջնագծում։ Դրվագը հանգեցրեց կանոնակարգի փոփոխության եւ թիմային մարտավարության կարճաժամկետ արգելքի։

2002 թվականի սեզոնի ավարտին մեքենան հայտնվեց մասնավոր հավաքածուում։ 17 տարվա ընթացքում համար 219-ը փոխել է մի քանի տիրոջ։ ԱՄԷ-ում աճուրդից առաջ բոլիդի տերը բացառիկ մեքենաների սիրահար ճապոնացի հավաքորդն էր։