Որպեսզի ընդհանուր դատողություն անենք պետական պաշտոնյաների գործուղումների արդյունավետության վերաբերյալ, պետք է ինչ-որ ճանապարհ անցնենք: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:

Նրա խոսքով, եթե դրական փոփոխություններն ակնհայտ են, եւ այդ դրական փոփոխությունների ճանապարհին միջոցառումներից մեկը այդ այցելություններ են, ուրեմն արդյունավետ են. «Յուրաքանչյուր գործուղման համար պաշտոնատար անձը հաշվետվություն է ներկայացնում, որը հրապարակվում է սահմանված կարգով: Յուրաքանչյուրի համար կարող եք վերցնել եւ դատողություն անել: Մի գործուղման էլ ես եմ եղել այս ամբողջ ընթացքում, եղել եմ արտերկրում, գործուղումը տեւել է 10 օր: Եկեք դատենք, արդյունավետ է եղել, թե ոչ: Արդյունքում վերաֆինանսավորվել է 2020 թվականի մարման ենթակա եվրապարտատոմսերի 70 տոկոսը, մնացածի համար էլ միջոցներ են գեներացնել: Ես քիչ գործուղումների մեկնողների թվում եմ, բայց չէր բացառվում մի իրավիճակ, որ ես գնայի այդ գործուղմանը, բայց շուկայի պայմանները նպաստավոր չլինեին եւ մենք թողարկում չանեինք: Այդ ժամանակ ասելու էինք, որ գործուղումն անարդյունավե՞տ է»,-ասաց Ջանջուղազյանը: