Համարեք, որ ես գյումրեցի եմ եւ մոտ ապագայում ուզում եմ այստեղ տուն գնել, որ չգնամ-գամ, այլ՝ գամ, մնամ այստեղ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 7-ին, Գյումրիում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը` հիշելով որպես Հայաստանի վարչապետ իր առաջին այցը Գյումրի:

«Երբ վարչապետ դարձա, թեեւ շատ երիտասարդ էի, բայց նաեւ շատ փորձ ունեի եւ շատ բան էի տեսել։ Երբ Գյումրի եկա որպես վարչապետ, սպասում էի, որ մարդիկ ինձ դժվար կընդունեն, քանի որ նրանք երկար տարիներ մոռացության էին մատնվել եւ վատ էին ապրում։ Պատրաստ էի ամեն խոսքի, վերաբերմունքի, որ որպես երկրի վարչապետ պետք է պատասխան տայի։ Սակայն հակառակը եղավ. մարդիկ ջերմությամբ ու բարությամբ ինձ ընդունեցին։ Մի տատիկ առաջարկեց գնալ իր տուն ոչ այն պատճառով, որ ցույց տա, թե ինչ վատ պայմաններում է ապրում, այլ՝ որպեսզի հյուրասիրի։ Նա իր սիրտը բացեց եւ իր ունեցածը կիսեց ինձ հետ։ Անկեղծ ասած, դրանից հետո ամեն տարի գյումրեցիների արժանապատվությունը եւ սերը շատ ավելի մեծ դարձա ինձ համար, եւ երբ ես առողջության պատճառով չկարողացա շարունակել իմ գործը, երկար տարիներ մղձավանջներ ունեի։ Այնպես որ, համարեք, որ ես գյումրեցի եմ եւ մոտ ապագայում ուզում եմ այստեղ տուն գնել, որ չգնամ-գամ, այլ՝ գամ, մնամ այստեղ»,-ասաց նա։

Նախագահի խոսքով` ժամանակը եկել է, որ բոլորս միասին վերականգնենք այս հոյակապ քաղաքը, Սպիտակը, Վանաձորը եւ կյանք ու ուրախություն բերենք նորից:

«Երեկ ես բախտ ունեցա մեր երիտասարդ գյումրեցիներին լսելու եւ ուղղակի ամբողջ հոգով ուրախանալու։ Դուք ունեք այն, ինչ ունեցել եք, այն մեծ տաղանդը, սերը հայրենիքի, երաժշտության, արվեստի նկատմամբ, որով միշտ Գյումրին հայտնի է եղել։ Այն երբեք չի կորել»,-ասել է նախագահը։

Անդրադառնալով հարցին, թե ինչու Գյումրին վերակառուցելու համար պահանջվեց 31 տարի, նախագահ Սարգսյանը նշել է, որ չպետք է նաեւ մոռանալ պատմությունը․ 1988-ի հսկայական ողբերգության կողքին կար Արցախի ազատագրության հարցը, նորանկախ պետության կայացման գործընթացը եւ ազգային ազատագրական շարժումը։

 «1990-91 թվականներ, պատերազմ, դժվարություններ, փակված ճանապարհներ, երկիր, որը չուներ բանակ, ուներ երիտասարդ կառավարություն, որը պետք է եւ՛ սովորեր, եւ՛ կառավարեր երկիրը: Սկիզբը շատ դժվար է եղել, եւ գնահատանքի են արժանի մեր բոլոր հայրենակիցները, որոնք այս 31 տարիներին ապրել են այստեղ՝ Հայաստանի հյուսիսում, կորցրել են իրենց ազգականներին, հարազատներին, իրենց տունն են կորցրել, ապրել են տնակներում, անբնական պայմաններում... Եթե նույնիսկ բնակարան են ստացել, միեւնույն է, քաղաքը կենդանի չի եղել, որովհետեւ մարդիկ միայն բնակարանով չեն ապրում, մարդիկ միայն տուն գնելով չեն ապրում, եթե աշխատանք չկա, եթե ընդհանուր մթնոլորտ չկա, եթե ուրախություն չկա, եթե չկա վայր, որտեղ կարող են բոլորը միասին հավաքվել եւ իրենց երեկոն անցկացնել։ Այս քաղաքը, Վանաձորը եւ Սպիտակը ոգի են ունեցել, ոգի են ունեցել ոչ թե 30 տարի առաջ, այլ դարերով, եւ այդ ոգին կարծես սառել էր։ Գուցե մեղավոր ենք բոլորս, որ ինչ -որ պահի ավելի շատ եռանդ, ժամանակ եւ սեր չենք ներդրել Գյումրիում,- ասել է նախագահը։

Նա նշել է, որ հիմա մենք բոլորս պետք է պատասխանատու լինենք, որ կյանքը վերադառնա այս քաղաք:

«Ես փորձում եմ մեր բոլոր հայրենակիցներին բացատրել, որ Հայաստանը միայն Երեւանը չէ։ Հայաստանը մեր ամբողջ երկիրն է։ Իմ առաքելությունը տեսնում եմ նրանում, որ կյանքը, սերը, վերաբերմունքը վերադարձնենք Գյումրի, որ յուրաքանչյուր հայ՝ արտասահմանում հանգիստը եւ Ամանորը անցկացնելու փոխարեն գա Գյումրի։ Գյումրին առաջարկելու շատ բան ունի՝ եւ՛ սեր, եւ՛ մշակույթ, եւ՛ համեղ ուտելիք, եւ՛ ամեն ինչ։ Եկեք կառուցողական մոտենանք հարցին, որպեսզի սրանից եւս տասը տարի հետո չասենք, թե ինչու չարեցինք»։