Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի կարծիքով` Երեւանին տրամադրվող գումարը չի նպաստում մարզային քաղաքների համաչափ զարգացմանը:

«Հազիվ թե մարզային բնակիչները հանուն վարչապետի հետ նկարվելու, կամ Երեւանում տոնածառի միջոցառումները անցկացնելու եւ Գորան Բրեգովիչ լսելու, թողնեն ասենք Գյումրին, Վանաձորը,  Հրազդանը, Կապանը եւ գան Երեւան` միջոցառում անցկացնելու եւ եթե դա այդպես է, ապա հարց է առաջանում Կառավարության կողմից Երեւանին այսքան մեծ գումար տրամադրումը, որքանով էր արդա համաչափ զարգացման տեսանկյունից: Դեմ չենք խոսում,  բայց սա նման է մեր այն հայրենակիցներին, որոնք ունեն կոմունալ-կենցաղային խնդիր, սակայն ապառիկ են վերցնում, վարկ են վերցնումն, որ Նոր տարվա եղանը ճոխ լինի, որ չակետավոր ամոթով չմնան հյուրերի մոտ: Հիմա մեր Կառավարությունը այդ տրամաբանությամբ է առաջ շարժվել: Հիմա էլ ինչպես իրենք պետք է մարդկանց ասեն` մարդիկ, Նոր տարին դա հաց ուելու օր չէ, էդքան վարկ մի վերցրեք, որ ճոխ լինի ձեր սեղանները: էս կոնտեքստում է պետք հարցը դիտարկել»,-ասաց Խաժակյանը:

Ավագանու անդամի խոսքով` պետք էր նաեւ գումար տրամադրել մարզային համայնքներին, որ այնտեղ կյանքն ակտիվանար, մարդիկ էլ չմնային «տնետուն» գնալու հույսին, այլ միասին գնային հրապարակ Ամանորը նշելու:

Դավիթ Խաժակյանը հավելեց, որ եթե ինքը լիներ որոշում կայացնողը նման չափի մեծ գումար չէր տրամադրի, հատկացնելու դեպքում էլ մարզային քաղաքներին կհատկացներ:

Հիշեցնենք, որ ՀՀ Կառավարությունը քաղաքապետարանի նպատակային ծախսերի համար հավելյալ 271,797,100 դրամ է հատկացրել ամանորյա միջոցառումների համար։

Բրեգովիչի համերգի ու տոնածառի լույսերը վառելու Երևանի քաղաքապետարանը կծախսի 290 հազար դոլար, ընդհանուր միջոցառումների ծախսը կազմում է շուրջ 680 հազար դոլար։