Հետաքննիչները ձերբակալել են Նիժնի Նովգորոդում զանգվածային ՃՏՊ-ի ենթադրյալ մեղավորին, որի պատճառով տուժել են դպրոցականներ, հաղորդում է ՌԲԿ-ը:

Կասկածյալը Toyota-ի 43-ամյա վարորդն է: Նրա մասին ուրիշ մանրամասներ չեն ներկայացվում:

Հետաքննության տվյալներով՝ դեկտեմբերի 7-ին Գորկու փողոցում տղամարդը դուրս էր եկել երթեւեկելի գոտի եւ բախվել Audi ավտոմեքենային եւ կայանած մեկ ուրիշ մեքենային, որից հետո դուրս եկել մայթեզրին եւ հարվածել մի խումբ հետիոտներին:

Ավտովթարի հետեւանքով տուժել են երկու չափահասներ եւ 14-15 տարեկան ինը դպրոցականներ: Երեխաները տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից երեքին տրամադրվել է վիրաբուժական օգնություն: Բժիշկները գնահատում են դեռահասների վիճակը որպես միջին ծանրության:

Կանայք, որոնք ուղեկցել են դպրոցականներին, նույնպես հոսպիտալացվել են: Նրանցից մեկը՝ դպրոցահասակ աղջիկներից մեկի մայրը, մահացել է ստացված վնասվածքներից: Փաստի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, հետաքննությունը վերահսկում է շրջանային դատախազությունը:

Ինչպես ավելի վաղ հաղորդվում էր ՆԳՆ-ի շրջանային վարչության կողմից, ավտովթարում հայտնված Toyota ավտոմեքենան պատկանում է ոստիկանության նախկին աշխատակցին, սակայն դեպքի պահին ղեկին նա չէր: Mash Telegram-ալիքը գրել է, որ մեքենան վարում էր ՆԳՆ-ի շրջանային գլխամասի ղեկավարի նախկին տեղակալի որդին՝ Ալեքսանդր Պիլգանովը:

Տարածաշրջանային ՃՈ-ի տվյալներով՝ ավելի վաղ Toyota-ի վարորդին զրկել էին վարորդական իրավունքից ոգելից խմիչքների ազդեցության տակ գտնվելու պատճառով, սակայն պատժի ժամկետն արդեն սպառվել է: