Հնդկաստանում իրավապահները ջրցանների եւ մահակների միջոցով ցրել են կանանց եւ աղջիկների նկատմամբ սեռական բռնության դեմ բողոքի ցույցի մասնակիցներին: Նախօրեին հիվանդանոցում մահացել էր Ուտար Պրադեշ նահանգից հայտնի վերջին տուժածներից մեկը, հաղորդում է Euronews-ը:

23-ամյա կնոջը բռնաբարել էր իր նախկին փեսացուն եւ նրա ընկերը: Կինը դատարանի ճանապարհին էր, երբ նրան բռնել էին, վրան կերոսին լցրել եւ այրել: Զոհված կնոջ հոր խոսքով՝ հանցագործների ընտանիքի անդամները սպառնացել էին նրանց: Իսկ ոստիկանությունն այդպես էլ ոչինչ չէր արել:

Համաձայն պաշտոնական վիճակագրություն՝ 2017 թվականին ոստիկանությունում գրանցվել է ավելի քան 33 հազար բռնաբարություն, ընդ որում՝ դա օրական շուրջ 92 դեպք է:

«Բռնաբարությունների թվով Հնդկաստանը համաշխարհային առաջատարն է: Օտարերկրյա պետությունները չեն հասկանում, թե ինչու մենք չենք կարող հոգ տանել մեր դստրերի եւ քույրերի մասին»,-հայտարարել է ընդդիմադիր Հնդկական ազգային կոնգրեսի առաջնորդ Ռախուլ Գանդին:

Հնդկացիները մասնակցում են աշխարհում օրեցօր ավելի հայտնի դարձող «Բռնարար կա ձեր ճանապարհին» խորագրով ֆլեշմոբին: