Պեկինի եւ Վաշինգտոնի առեւտրային պատերազմի ֆոնին կտրուկ նվազել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում չինական արտահանման ծավալները: Նոյեմբերի տվյալներով՝ այդ ցուցանիշը նվազել է 12.5 տոկոսով՝ ի տարբերություն 2018 թվականի նույն ամսվա տվյալներին, հաղորդում է DW-ը՝ հղում կատարելով Պեկինի գլխավոր մաքսային վարչությանը:

Ընդ որում՝ ԱՄՆ-ից Չինաստան ապրանքների ներկրման ցուցանիշները նվազել են 23.3 տոկոսով: Երկկողմանի առեւտրի ընդհանուր ծավալը նվազել է 15.2 տոկոսով:

Չորս ամիս շարունակ չինական արտահանման միասնական ցուցանիշը նվազում է: Նոյեմբերին այն անկում է ապրել 1.1 տոկոսով, տեղեկացրել է Չինաստանի մաքսային վարչությունը: Նույն ամսում վերջին 7 ամիսների կտրվածքով ներկրման ցուցանիշը փոքր-ինչ աճել է՝ 0.3 տոկոսով:

ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային վեճը, որը, ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի, բացասաբար է ազդում տնտեսության համաշխարհային աճի վրա, շարունակվում է 2018 թվականից: Երկու պետություններ, որոնց տնտեսություններն աշխարհում ամենախոշորն են, բազմիցս միմյանց համար սահմանել են տուգանային մաքսեր տասնյակ միլիարդավոր դոլար արժողությամբ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրում է Չինաստանին ազնիվ մրցակցության կանոնները խախտելու, ինչպես նաեւ մտավոր սեփականության գողության մեջ, որի հետեւանքով, ըստ նրա, վնաս են կրում ամերիկյան ընկերությունները:

Միեւնույն ժամանակ Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրային կոնֆլիկտում նկատվել են կոմպրոմիսի նշաններ, որոնք ենթադրում են փոխադարձ հրաժարում բարձրացված առեւտրային մաքսերից: Նոյեմբերի սկզբում կողմերը պայմանավորվել են հավասար չափաբաժիններով առեւտրային սահմանափակումները աստիճանաբար կրճատելու մասին: Ընդ որում՝ այդ միջոցառումների իրականացման հստակ ժամանակացույցը չի նշվել: