Իրանը կարծում է, որ Ռուսաստանը կշարունակի փոխգործակցել իրենց հետ Ֆորդոյի ատոմակայանում՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցների վերականգնմանը։ Այս մասին ասել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք կարծում ենք, որ Ռուսաստանը, չնայած ԱՄՆ-ի կողմից պատժամիջոցների վերականգնմանը, չի թողնի (նախագծի) աշխատանքը»,- նրան մեջբերում է ISNA գործակալությունը։ Քամալվանդին նշել է, որ Մոսկվան «շարունակում է մասնակցել «Բուշեհր» ԱԷԿ-ի երկրորդ եւ երրորդ էներգաբլոկների կառուցմանը։

Նրա խոսքով՝ «Իրանը տեխնիկական տեսակետից պատրաստ է հետագայում աշխատանք տանել՝ կապված կայուն իզոտոպերի հետ, նաեւ առանց Ռուսաստանի»։ «Իհարկե, քաղաքական տեսակետից ավելի լավ կլինի, եթե Մոսկվան շարունակի համագործակցել մեզ հետ»,- ավելացրել է ԻԱԷԿ ներկայացուցիչը։

Նոյեմբերի 6-ին Իրանը միջուկային գործարքի վերաբերյալ իր ինքնակամ պարտավորությունների կրճատման շրջանակում սկսել է գազ մատակարարել Ֆորդոյի օբյեկտի ցենտրիֆուգներին։ Այդ առնչությամբ ԱՄՆ-ը հայտարարել է դեկտեմբերի 15-ից այդ օբյեկտի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու մասին։ Այս ֆոնին դեկտեմբերի 5-ին «ՏՎԷԼ» ընկերությունը (մտնում է «Ռոսատոմ» պետկորպորացիայի մեջ) տեղեկացրել է Թեհրանին, որ դադարեցնում է Ֆորդոյի երկու գազային ցենտրիֆուգներում բժշկական նպատակներով կայուն իզոտոպերի արտադրության երկու կասկադների մոդիֆիկացիայի նախագծի աշխատանքը։

Դեկտեմբերի 6-ին  ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ Մոսկվան լիովին կիրականացնի Ֆորդոյի օբյեկտի արդիականացման՝ ներկա պահին դադարեցված նախագիծը։ Նա նաեւ նշել է, որ Ռուսաստանին ժամանակ  է պետք, որպեսզի արձագանքի նոր հանգամանքներին՝ Իրանի կողմից Ֆորդոյի ցենտրիֆուգներին գազի մատակարարմանը եւ դեկտեմբերի 15-ից այդ օբյեկտի նկատմամբ ԱՄՆ նոր պատժամիջոցներ մտցնելուն։