Դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ չի ընդունել զինծառայողին ինքնասպանության մղելու համար պատժի խստացման մասին օրինագիծը, ԱԺ-ից փոխանցում է NEWS.am-ի թղթակիցը:

Նշենք, որ Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը ներկայացրել էին «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Շաքե Իսայանը եւ Արման Աբովյանը:

Այսպես՝ առաջարկվում է օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով, որի համաձայն՝ զինծառայողին զորամասում կամ զինծառայությունը կրելու այլ վայրում մեկ ուրիշ զինծառայողի կողմից մինչեւ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը սպառնալիքի, բռնության, դաժան վերաբերմունքի կամ պատիվն ու արժանապատվությունը նաստացնելու միջոցով կամ անուղղակի դիտավորության ճանապարհով կամ ինքնասպանության անզգույշ կատարումը, կամ ինքնասպանության փորձերը, պատժվում է 3-ից մինչեւ 8 տարվա ազատազրկմամբ: Նույն գործողությունը՝ կատարված անձանց խմբի կամ վերադաս ղեկավարության կողմից, որոնք իրականացվել են պարբերաբար, մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կատարելիս, պատժվում են 5-ից մինչեւ 10 տարվա ազատազրկմամբ: Այս հոդվածով նախատեսված արարքները, որոնք կատարվել են ռազմական դրության, պատերազմի կամ մարտի ժամանակ, պատժվում են 7-ից մինչեւ 12 տարվա ազատազրկմամբ: