Ես ինձ համարում եմ կոռուպցիայի հետ գենետիկորեն անհամատեղելի քաղաքական գործիչ, մարդ։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» փորձագիտական համաժողովին իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է միշտ հաշվի առնել, որ գենետիկ մուտացիայի հնարավորություն  տեսականորեն կա, կարող են լինել համակարգեր, որոնք անընդհատ ուզում են քեզ ներքաշել գենետիկ մուտացիաների մեջ, բայց որը համոզված եմ գիտեք՝ տեղի չի ունենա»,-նշեց նա։

Վարչապետը վերահաստատեց՝ երկրում չկա համակարգային կոռուպցիա․  «ՀՀ վարչապետ ընտրվելուց շատ չանցած, նույնիսկ մի քանի օր անց հայտարարեցի, որ Հայաստանում այլևս չկա համակարգային կոռուպցիա, ես վերահաստատում եմ դա։ Ուզում եմ պարզաբանել՝ իմ պատկերացմամբ՝ համակարգային կոռուպցիան այն է, երբ կոռուպցիոն օղակներում գոյություն ունեցող յուրաքանչյուր հասույթ որոշակի չափաբաժիններով հոսում է դեպի վերև։ Եվ ես ուրախ եմ և հպարտ արձանագրելու համար, որ այո՛, Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, բայց սա չի նշանակում, որ չկան կոռուպցիոն երևույթներ, բայց շատ կարևոր է արձանագրել, որ ՀՀ-ում կա քաղաքական կամք արմատախիլ անելու կոռուպցիան, ոչ թե ուղղակի պայքարելու դրա դեմ»։

Նա շեշտեց՝ նույսիկ թիմի ամենամերձավոր անդամները ներում և բեկում չեն ունենալու կոռուպցիայի մեջ ներքաշվելու պարագայում․  «Վերջես ՔՊ վարչության նիստում մենք մի քանի անգամ անդրադարձ ենք ունեցել կոռուպցիոն թեմաներին և արձանագրել ենք, որ նույնիսկ մեր ամենամերձավոր թիմի անդամները և նույնիսկ մեր ամենամերձավոր քաղաքական ընկերները չեն ունենալու որևէ ներում և բեկում կոռուպցիայի մեջ ներքաշվելու պարագայում»։

Նրա խոսքով՝ որոշակի անձինք նվերներ են տալիս պետությանը և որոշակի կոռուպցիոն պայմաններ դնում․  «Կոռուպցիան սարսափելի դեմքով, պոզով-պոշով կենդանի չէ, երբեմն այն ունի շատ գրավիչ, նույնիսկ գայթակղող տեսք և  այս առումով խնդիրն ավելի է բարդանում։ Մենք արձանագրել ենք, որ կոռուպցիայի ակնհայտ ձևերի նկատմամբ արգելքներ սահմանելը չի նշանակում երաշխավորված լինել կոռուպցիայի մեջ ներքաշվելուց։ Ընդամենը 2 օր առաջ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի հետ աշխատանքային քննարկման ժամանակ մի շատ կարևոր արձանագրում արեցինք, որ պետական կառավարման համակարգում կան տարօրինակ  ինստիտուտներ, օրինակ՝ «մենք ձեզ այդ մասին տեղյակ էինք պահել» կամ «մենք ձեզ զեկուցել էինք», երբեմն ստացվում է, որ կոռուպցիան կառուցվում է գեղեցիկ նախադասությունների ներքո և տեղեկատվության բացակայությունից օգտվելու շնորհիվ։ Օրինակ՝ կարող է լինել դեպք, որ աշխատասենյակից իջնելիս ինչ-որ մեկը կարող է մոտենալ և հընթացս շշոկով ինչ-որ բան ասել, որի ողջ իմաստը այդ պահին նույնսիկ հնարավոր չէ հասկանալ, իսկ հետո կարող է ծագել մի իրավիճակ, երբ դու զարմանք արտահայտես, թե ինչպես է այդ իրավիճակը ստեղծվել և պատասխանը կլինի «մենք ձեզ ասել էինք» կամ «տեղյակ էինք պահել դրա մասին»։

Օրինակ՝ ինչ-որ մեկը կարող է ասել՝ մենք ուզում ենք պետական համակարգին մատակարարել շատ ավելի էժան և շատ ավելի որակյալ ապրանք, ով կարող է ասել՝ ոչ, բայց մրցույթում կարող են տեղի ունենալ որոշակի պրոցեսներ, որոնք կարող են զարմանք հարուցել, և որոնք կարող են վերադառնալ այդ նախասադության ձևով՝ «մենք ասել էինք ձեզ այդ մասին»։ Այսպիսի դեպքի ես էլի եմ առնչվել, երբ ասվում է, օրինակ, մենք ուզում ենք այսինչ գյուղում կամ քաղաքում կառուցել դպրոց որպես նվեր պետությանը, ով կարող է ասել՝ վայ, վայ չէ, այդ քաղաքին ոչ մի բան պետք չէ նվիրել, բայց հետո կարող է պարզվել, որ այդ նվերի դիմաց տարբեր կոռուպցիոն պահանջներ են դրվում գործարարների կամ պետական օղակների առաջ և ձևակեչրպել, որ կառավարությունում դրա մասին գիտեն»։

Վարչապետին բարևելը, Փաշինյանի խոսքով, կոռուպցիոն իմաստով ազատ փոխարկելի արժույթ է․  «Ես վերջերս արձանագրել եմ, որ վարչապետին բարևելը կոռուպցիոն իմաստով ազատ փոխարկելի արժույթ է, օրինակ՝ կարելի է վարչապետին բարևել և շտապել տարադրամի փոխանակման շուկա և հնարավորինս արագ այդ բարևը կանխիկացնել։ Եվ եթե նկատեք, որ ես բարևների առումով ժուժկալ եմ դարձել, հանկարծ չմտածեք մեծամտացել եմ։ Քանի որ հասկացել եմ, որ բարևի և ընդունելության մեջ պետք է զգույշ լինել»։

Փաշինյանը շեշտում է՝ կոռուպցիայի դեմ պայքարը միայն պայքար չէ նախորդ կոռումպացված իշխանությունների դեմ․

«Երբ մենք ասում ենք պայքար կոռուպցիայի դեմ, քաղաքական իմաստով դա ընկալվում է պայքար նախորդ կոռումպացված իշխանությունների դեմ, բայց մեզ համար չկա նախորդ, ներկա իշխանություն, որովհետև մեզ համար կրկնակի անընդունելի է իմ կողմից նշանակված մարդու կողմից կոռուպցիայի մեջ ներքաշվելը։ Վերջին 1,5 տարվա ընթացքում առնվազն 4 բարձրաստիճան պաշտոնյաների կոռուպցիոն հոդվածներով մեղադրանք է առաջադրվել, և այս գործընթացը շարունակվելու է»։

Նա նաև պարզաբանեց, թե ինչու են ավելացրել նախարարների և փոխնախարարների,  բարձրաստիճան պաշտոնյաների պարգևատրման ֆոնդերը․

«Վերջերս շատ քննարկվեց, որ նախարարների և փոխնախարարների,  բարձրաստիճան պաշտոնյաների համար պարգևատրման ֆոնդերով սահմանել եմ բավական բարձր աշխատավարձ և մեկնաբանություն եղավ, որ սա կոռուպցիայի կանխարգելման նպատակ ունի։ Իհարկե բովանդակային առումով սխալ չէ, բայց դա արվել է ոչ թե կոռուպցիան կանխարգելու իմաստով, որովհետև կոռուպցիոները 1,5 միլիոն դրամով չի բավարարվելու, այլ որ մենք երբ այդ մարդկանց կոռուպցիայի մեջ ներքաշվելու համար ձերբակալենք, կալանավորենք, դատապարտենք, խղճի խայթ չունենանք, չասենք՝ այ էս մարդուն այնքան քիչ ենք վճարել, որ այլ տարբերակ չենք թողել։ Իհարկե սա արդարացում չի կարող լինել, բայց բարոյահոգեբանական առումով կոռուպցիայի դեմ պայքարի կարևոր բաղադրիչ է»։