Քրեական ենթամշակույթի դեմ պայքարում Հայաստանը Վրաստանից սովորելու բան ունի՝ հաշվի առնելով այն փորձը, որը մեր բարեկամական երկիրը կուտակել է: Այս մասին դեկտեմբերի 9-ին Վրաստանի փոխվարչապետ, արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:

«Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներում կա մեր դատարանների որոշումների գնահատական, եւ կա այդ գնահատականներում նշված սխալները կրկնելու խնդիրը»,- նշեց նա:

Նախարարը հավելեց, որ Հայաստանի կառավարության համար մարդու իրավունքները առաջնահերթ ուղղություն է եւ բացառիկ արժեք, դրա հետ մեկտեղ Հայաստանի իշխանությունները կամք են դրսեւորում կազմակերպված հանցավորության դեմ պայքարում:

«Կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության դեմ որքան էլ խիստ պայքար մղվի, անհրաժեշտ է բացառել մարդու իրավունքների խախտումը, դրա հետ մեկտեղ անհրաժեշտ է խիստ պայքար մղել կազմակերպված հանցավորության դեմ, եւ համանման կազմակերպությունների մեջ ներքաշված մարդիկ պետք է զրկված լինեն հանրության շրջանում իրենց ազդեցությունը տարածելու հնարավորությունից»,- ամփոփեց նա:

Նշենք, որ Երեւանում ընթանում է 3-րդ հայ-վրացական իրավաբանական համաժողովը: