Հայաստանը, ինչպես եւ ԵՏՄ անդամ մյուս երկրները, շահագրգռված է Վիետնամի հետ տեղեկությունների փոխանակմամբ, քանի որ այս դեպքում խոսքը վերաբերում է աշխարհում առավել արագ զարգացող շուկաներից մեկի մասին: Այս մասին դեկտեմբերի 9-ին ԱԺ նիստում ասաց Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Միքայել Փաշայանը՝ ներկայացնելով Եվրասիական տնտեսական մկիության երկրների եւ Վիետնամի միջեւ տեղեկությունների փոխանակման արձանագրության նախագիծը:

Նրա խոսքով՝ 2016 թվականի հուլիսին ԵՏՄ-ի եւ Վիետնամի միջեւ համաձայնագիր է ստորագրվել, որի կետերից մեկն առնչվում է ապրանքների եւ տրանսպորտային միջոցների տեղաշարժման մաքսային տեղեկությունների փոխանակմանը: Ընդ որում՝ նախատեսվում էր տեղեկությունների փոխանակումն իրականացնել 3 փուլով՝ 1-ինը մինչեւ 2018 թվականի հոկտեմբերի 5-ը, 2-րդը՝ մինչեւ 2019 թվականի հոկտեմբերի 5-ը եւ 3-րդը՝ մինչեւ 2021 թվականի հոկտեմբերի 5-ը:

Սակայն, ինչպես նշեց ՊԵԿ փոխնախագահը, հաշվի առնելով, որ Հայաստանը չի անցկացրել արձանագրության վավերացման հետ կապված բոլոր ընթացակարգերը՝ մինչեւ հիմա տեղեկությունների փոխանակում չի իրականացվում:

Նշենք, որ փաստաթուղթը 3 լրացում է պարունակում, որոնք վերաբերում են ապրանքների պահման եւ խմբերի չափորոշիչներին, ըստ որոնց պետք է իրականացվի տեղեկությունների փոխանակումը: Արձանագրությունը գաղտնի բնույթ կրող տեղեկությունների խիստ կարգավորում է նախատեսում: Այն կարող է տրամադրվել ԵՏՄ երկրների բացառապես մաքսային մարմիններին՝ առանց երրորդ անձանց փոխանցելու իրավունքի: Ընդ որում՝ տեղեկությունների փոխանակությունն իրականացվելու է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից այն ստանալուց հետո 4 ժամվա ընթացքում, ինչը զգալիորեն կմեծացնի որոշումներ ընդունելու օպերատիվությունը: