Երեւանի բնակիչը հաղորդում է տվել, որ անհայտ անձը ուրիշի գույքը հափշտակել է Կոտայքի մարզի Զովունի գյուղում կայանված ընկերոջ մեքենայից իրեն պատկանող պայուսակը, որում եղել են դրամապանակը, անձնագիրը, կանխիկ գումար եւ բանկային քարտ`պատճառելով զգալի չափերի գույքային վնաս: Կրկին տեղեկություններ են ստացվել այն մասին, որ հիշյալ հափշտակված բանկային քարտով Երեւան քաղաքի Բագրատունյաց պողոտայում տեղակայված բանկոմատից կատարվել է կանխիկացման փորձ: Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից։

ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու ուրիշի գույքի զգալի չափերով գաղտնի հափշտակության, բանկոմատից առերեւույթ գողության փորձ կատարած եւ փաստաթղթերի հափշտակություն կատարած անձի ինքնությունը։

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Շենգավիթի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 324-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագ) եւ ուղարկվել ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժին:

Նախաքննության ընթացքում ստացվել են բանկոմատի անվտանգության տեսախցիկների տեսագրությունները, ենթարկվել զննության, որտեղ երեւում է առերեւույթ հանցագործություն կատարած անձը:

Քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ քննությունն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ առերեւույթ հանցանքը կատարած անձին հայտնաբերելու ուղղությամբ:

Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որեւէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, հայտնեն ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի վարչական շրջանի քննչական բաժին: