Վաղաժամ է խոսել Թուրքիայի կողմից ռուսական կործանիչների գնման մասին, Անկարան դեռեւս ամերիկյան F-35 օդանավեր ստանալու հույս ունի, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: 

«Այս փուլում դեռեւս վաղ է խոսել՝ մենք արդյո՞ք կգնենք ռուսական կործանիչներ: Անհրաժեշտ է սպասել, տեսնել, թե իրադարձություններն ինչպես կզարգանան: Թուրքիան անկախ պետություն է եւ կանի այն, ինչն անհրաժեշտ համարի: Եթե ԱՄՆ-ն հրաժարվի F-35-ի մատակարարման իր պարտականությունները կատարելուց, մենք կարող ենք այլ մատակարարներ գտնել: Աշխարհում շատ օդանավեր են կառուցվում, եւ տարբերակ գտնելը խնդիր չէ: Բայց մենք ցանկանում ենք ԱՄՆ-ի հետ համագործակցել, որովհետեւ ամերիկացիները մեր գործընկերներն են»,- ասել է Աքարը NTV հեռուստաալիքի եթերում:

Նա հավելել է, որ Անկարան բազմիցս իրավիճակը բացատրել է իր ամերիկացի գործընկերներին, եւ ԱՄՆ նախագահը ճանաչում է նրա իրավացիությունը:

«Թրամփը նույնպես իր գործընկերներին ասել է՝ նրանք (Թուրքիան) վճարել են, դուք նրանց օդանավեր չեք տալիս, սա ի՞նչ տրամաբանություն է: Մենք հաճախորդներ չենք, այլ այդ ծրագրի գործընկերներ: Մենք տրանշ ենք վճարել, կատարել ենք բոլոր պայմանները: Չենք պատրաստվում F-35-ի գաղտնագրման համակարգը ոչ մեկին փոխանցել, մեզ համար դա եւս կարեւոր է: Մենք առաջարկել ենք հանձնաժողով ստեղծել, եւ Թրամփը դրան աջակցել է»,- հավելել է թուրք նախարարը:

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին սեպտեմբերի սկզբին այցելել էր ՄԱԿՍ-2019 ավիասրահ: Հաղորդվում էր, որ նա հետաքրքրվել էր ռուսական Սու-35 եւ Սու-57 օդանավերով, եւ այս թեման հնչել է ՌԴ նախագահի հետ բանակցություններում: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան եւ Ռուսաստանը Սու-57-ի մատակարարումների բանակցություններ են վարում: