Գործարար Իլոն Մասկը Լոս Անջելեսի (Կալիֆոռնիայի նահանգ) փողոցներով անցել է սեփական արտադրության Cybertruck էլեկտրապիկապի ղեկին նստած, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով TMZ պորտալին։

Գործարարին շաբաթ օրը երեկոյան տեսել են մեքենայի սրահում երգչուհի Քլեր Էլիս Բուշեի հետ, որը հայտնի է Գրայմս կեղծանունով։ Մասկը էլեկտրապիկապով մոտեցել է «Նոբու» ռեստորանին՝ այն թողնելով հաստատության մուտքի մոտ։ Պորտալը նշել է, որ ընթրիքից հետո միլիարդատիրոջ հետ Cybertruck է նստել դերասան Էդվարդ Նորթոնը։

Electrek ինտերնետ պարբերականի տվյալներով՝ սա առաջին դեպքն է, երբ այս պիկապը հայտնվել է կալիֆոռնիական մեգապոլիսի փողոցներում։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ դրա սերիական արտադրությունը նախատեսվում է 2021-ին։ Ընկերությունն արդեն ստացել է ավելի քան 250 հազար պատվեր։

Ինչպես նշել է Մասկը նոյեմբերի վերջին տեղի ունեցած մեքենայի շնորհանդեսում, դրա թափքը տարբերվում է հատուկ ամրությամբ. դռներին հասցված մուրճի հարվածները տեսանելի հետքեր չեն թողել, մեքենան զրահապատ է, պատուհաններին նետված ծանր մետաղական գնդերը միայն ճաքեր են առաջացրել դրանց վրա։

Էլեկտրաքարը հասանելի է երեք լրակազմով՝ կախված շարժիչների թվից՝ 39,9 հազար դոլար, 49,9 հազար եւ 69,9 հազար դոլար։ Ամենաթանկ տարբերակում այն կարող է առանց լիցքավորման անցնել ավելի քան 800 կլիոմետր, ինչպես նաեւ 2,9 վայրկյանում բացել 100կմ/ժ արագություն։ Сybertruck-ի բեռնատարողությունը 1,5 տոննա է։

Մասկը Tesla-ն հիմնել է 2003 թվականին։ Ընկերության կենտրոնակայանը գտնվում է Պալո Ալտո քաղաքում (Կալիֆոռնիայի նահանգ)։ Սկզբում ընկերությունը մասնագիտանում էր էլեկտրամեքենաների արտադրության մեջ, բայց ավելի ուշ սկսեց զբաղվել արեւային մարտկոցների եւ այլ էլեկտրակուտակիչ համակարգերի ստեղծմամբ։