Մեծ աշխատանք է անցկացվում բանակում կարգապահության մակարդակի բարձրացման նպատակով: Այս մասին դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ զրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը՝ մեկնաբանելով ողբերգական միջադեպերը:

Ըստ նրա՝ նման դրսեւորումները, բնականաբար, մտահոգություն են հարուցում: Բալայանը որպես խնդրի լուծման ուղղություներից մեկը նշեց կենցաղի եւ ծառայության պայմանների բարելավումը: «Ինչպես ցույց է տալիս վերլուծությունը, մեծ թվով միջադեպեր սկսվում են մանր կենցաղային վեճերից»,- նշեց փոխնախարարը:

Ի պատասխան վերջերս տեղի ունեցած զինվորների զոհվելով եւ վիրավորմամբ ողբերգական դեպքի մասին հարցին՝ Գաբրիել Բալայանը նշեց, որ հանգամանքները պարզվում են: Սակայն հրաժարվեց տեղեկություններ տրամադրել՝ նշելով, որ քննչական մարմինը որքան հնրավոր է՝ հրապարակել էր:

«Հաջողվել է շատ դեպքեր կանխել: Սակայն անհնար է բոլոր միջանձնային հարաբերությունները հաշվարկել եւ թղթի վրա գրանցել: Կարեւոր է տեղերում աշխատանքի կատարումը»,- շեշտեց Բալայանը՝ հավելելով, որ բանակում քրեական բարքերի համար անհրաժեշտ է ավելի խիստ պատժել, քան քաղաքացիական կյանքում: Նրա խոսքով՝ արդեն հարուցվել են մի քանի քրեական գործեր: