Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն որդուն՝ Ալեքսեյին է փոխանցել «Ուկրպրոմինվեստ-Ագրո» ընկերության իրավունքը, որը գյուղատնտեսական գործունեություն է վարում 120 հազար հա հողի վրա: Այս մասին են վկայում Ուկրաինայի իրավաբանական անձանց, ձեռներեցների եւ հասարակական կազմավորումների Միասնական պետական ռեեստրի տվյալները:

Դրանից բացի նախկին նախագահի որդին դարձել է «Ագրոպրոդինվեստ խումբ» ընկերության վերջնական օգուտ ձեռք բերողը, որի հիմնադիրն է «Ուկրպրոմինվեստ-Ագրոն», ինչպես նաեւ դրա մեջ մտնող մի շարք ֆիրմաներ, մասնավորապես՝ «Պոդոլյե» անհատական ընկերությունը, «Պոդոլյեի զարյա» ԱԿ-ն, «Վինիցայի հացի արտադրության №2 կոմբինատը», «Դնեպրոագրոլանը», «Իվանկովցիները», «Մաս-Ագրոն», «Պրավոբերեժնոյեն» եւ «Պրոգրես ՆՏ»-ն:

«Ուկրպրոմինվեստ-Ագրոն» ուղղահայաց ինտեգրված ագրոարդյունաբերական ընկերություն է, որը մասնագիտանում է գյուղատնտեսական արտադրանք աճեցնելու, շաքարի եւ ալյուրի արտադրության, ինչպես անասնաբուծության ուղղությամբ: Այն գործունեություն է իրականացնում Ուկրաինայի կենտրոնի եւ հյուսիսի 6 մարզերում:

Ալեքսեյ Պորոշենկոն նոյեմբերին հոր փոխարեն դարձել էր Roshen հրուշակագործական ընկերության բիզնես մասի շահառու սեփականատերը, ինչպես նաեւ նրանից ստացել էր Միջազգային ներդրումային բանկում բաժնետոմսերի գրեթե 10 տոկոսը: Նոյեմբերի 6-ի դրությամբ Պորոշենկո կրտսերը նշված է Կենտրոնա-Եվրոպական հրուշակագործական ընկերության սեփականատեր: Ռեեստրում նշված է, որ այդ ընկերությունում վերահսկողությունը նրան է անցել նիդեռլանդական Roshen Europe-ի իրավունքները ստանալուց հետո, որը տնօրինում է ընկերության 85 տոկոսը:

Փորձագետների կարծիքով՝ Ուկրաինայի նախկին նախագահը ակտիվները որդու վրա է վերագրանցում՝ իր դեմ հարուցված մի շարք քրեական գործերի հետ կապված: Ավելի վաղ Ուկրաինայի հետաքննությունների պետական  բյուրոյից հայտնել էին, որ պետության նախկին ղեկավարի դեմ հարուցվել է 11 քրեական գործ: Կիեւի դատարանն արդեն գերատեսչությանը հասանելիություն է տրամադրել Պորոշենկոյի 5 տարվա աշխատավարձի, եկամուտների եւ վճարած ապահովագրական վճարումների գումարի մասին տեղեկություններին: