Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը  Ապրիլյան ռազմական գործողությունների հանգամանքները քննող հանձնաժողովի գործունեության ժամկետը երկարաձգելու որոշման նախագծի քննարկման ժամանակ հետաքրքրվեց, թե արդյոք Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը կհրավիրվի հանձնաժողով։

Դիմելով հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին, Բաբաջանյանը, մասնավորապես, ասաց․ «Արցախից եղան հայտարարություններ, շահարկումներ: Վիտալի Բալասանյանը եւ այլ զինվորականներ հայտարարություննեով հանդես եկան: Ձեր կողմից որոշակի պատասխանների արժանացան, բայց հակված էիք նրանց էլ հրավիրել, որոշակի պատասխաններ ստանալ: Արցախի ներկայացուցիչների հետ համագործակցության պատրաստակամություն կա՞»:

Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց, որ արցախի պաշտոնյաների կողմից լիարժեք ընկալում ունեն իրենց հանձնաժողովի հանդեպ. «ՎիտալիԲալասանյանի հայտարարությունները հիմնականում եղել են քաղաքական բնույթի։ Արցախի հերոսն այդ գործողություններում կառավարման գործառույթ չի ունեցել: Մենք չենք գտել ապացույց կառավարման գործում  ներգրավված լինելու, դրա համար նրան չենք ընդգրկել հրավիրյալների ցանկում»: