Աշխարհի 100 խոշոր պաշտպանական ընկերությունների զենքի վաճառքի եւ ռազմական ծառայությունների ծավալը 2018-ին ավելացել է 4,6 տոկոսով եւ կազմել 420 մլրդ դոլար, ասվում է Ստոկհոլմի հետազոտությունների միջազգային ինստիտուտի (SIPRI) ամենամյա զեկույցում, տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Զեկույցի համաձայն՝ 2002-ի համեմատ վաճառքի ծավալը 2018-ին ավելացել է 47 տոկոսով։ Վարկանիշի առաջին հինգ տեղերում ամերիկյան ընկերություններն են, առաջինը Lockheed Martin-ն է։ Ամերիկյան հինգ ընկերությունների վաճառքի ընդհանուր ծավալը կազմել է 148 մլրդ դոլար (վաճառքի ընդհանուր ծավալի 35 տոկոսը)։

Տասը ռուսական ընկերություններին բաժին է ընկնում վաճառքի ընդհանուր ծավալի 8,6 տոկոսը (36,2 մլրդ դոլար)։ Այս ցուցանիշը նվազել է 2017-ի համեմատ, երբ այն կազմում էր 9,7 տոկոս։ Ինչպես նշվում է զեկույցում, ռուսական ընկերությունների վաճառքի ծավալը մնում է կայուն մակարդակի, նվազումը կապված է ամերիկյան եւ եվրոպական ընկերությունների վաճառքի ավելացման հետ։

«2018-ին «Ալմազ-Անթեյ» կոնցեռնի (Ռուսաստանում սպառազինությունների ամենամեծ արտադրողը)  վաճառքը շարունակել է աճել։ Վաճառքի ծավալի ավելացումը պայմանավորված էր ոչ միայն բարձր ներքին պահանջարկով, այլեւ այլ երկրներ սպառազինությունների (մասնավորապես Ս-400 ԶՀՀ-ներ) վաճառքի աճով»,- զեկույցում մեջբերվում են հետազոտության հեղինակներից մեկի՝ SIPRI-ի Սպառազինությունների եւ ռազմական ծախսերի գիաշխատող Ալեքսանդրա Կուիմովայի խոսքերը։

2018-ին նկատվել է թուրքական ընկերությունների վաճառքի զգալի ավելացում՝ 22 տոկոս (2,8 մլրդ դոլար)։ Փորձագետները դա կապում են Թուրքիայի՝ իր պաշտպանական արդյունաբերությունն արդիականացնելու ձգտման հետ։ Զեկույցում չեն ներկայացվել տվյալներ չինական ընկերությունների վաճառքի մասին։