Ես հստակ հայտարարում եմ, որ ոչ մի հակասություն ԵՏՄ միջազգային համաձայնագրի հետ չկա, եւ ես կարող եմ ձեզ որպես ապացույց ներկայացնել բոլոր անհրաժեշտ կետերը։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովում, «Ծխախոտի արտադրանքի եւ դրա փոխարինիչների օգտագործումից առողջության համար առաջացող վնասի կրճատման եւ կանխման մասին» օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում, դեկտեմբերի 9-ին ասաց Հայաստանի առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին։

Նա, մասնավորապես, նշեց, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը համաձայնել է գնալ մի շարք զիջումների եւ հրաժարվել է այդ արտադրանքի բոլոր տեսակների համար ծխախոտի միասնական ու միատեսակ տուփի ներդրման կետից՝ անկախ դրանց անվանումից ու արտադրող ընկերությունից։

Միեւնույն ժամանակ, Նանուշյանն ընդգծել է, որ մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը Հայաստանում գործելու է հանրապետության ազգային օրենսդրությունը։

«Դա նշանակում է, որ ցանկացած փոփոխություն ծխախոտի կամ ծխախոտի տուփի հարցում կարող է ներդրվել մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը։ Դրանից հետո ուժի մեջ կմտնեն այն նորմատիվները, որոնք կսահմանվեն ԵՏՄ տեխնիկական կանոնակարգով, եւ որոնք կվերաբերեն այդ թվում եւ այս հարցին»,- ասել է փոխնախարարը։