Քանի որ վստահ եմ, որ Հայաստանի Ազգային ժողովի նիստը նայում են անչափահասներն ու երեխաները, քանի որ մեր երեխաները դարձել են քաղաքականացված, ես դիմում եմ բոլոր երեխաներին՝ կոչ անելով չծխել, քանի որ դա վնասակար է առողջության համար։ Այս մասին ՀՀ Ազգային ժողովի նիստում, «Ծխախոտի արտադրանքի եւ դրա փոխարինիչների օգտագործումից առողջության համար առաջացող վնասի կրճատման եւ կանխման մասին» օրինագծերի փաթեթի եւ հարակից օրենքների քննարկման ժամանակ, դեկտեմբերի 9-ին ասաց կառավարող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Քրիստինե Պողոսյանը։

«Դա միանշանակ վնասակար սովորություն է։ Ծխելը վաղ, անչափահաս տարիքում կարող է հանգեցնել վատ, անբուժելի հետեւանքների, ինչը վատ հետք կթողնի ձեր կյանքի վրա»,- ասաց Պողոսյանը։

Նշենք, որ այս օրենսդրական փաթեթով նախատեսվում է նաեւ արգելել ծխախոտի օգտագործումը փակ հաստատություններում։ Ծխելու սահմանափակումներ կմտցվեն հանրային տրանսպորտում, մանկական հրապարակներում, հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում եւ բուժկենտրոններում, կրթական եւ մշակութային հաստատություններում։

Բացի այդ, նախատեսված են որոշակի կանոններ ծխախոտի իրացման համար, ինչպես նաեւ սահմանափակումներ են մտցվել ծխախոտի արտադրանքի գովազդում։

Կարգախախտների հանդեպ կկիրառվեն տուգանքներ։ Եթե տրանսպորտային միջոցի վարորդը վարելու ժամանակ բռնվի ծխախոտ կամ փոխարինիչ ծխելիս, կտուգանվի նվազագույն աշխատավարձի 10-ապատիկի չափով։

Ծխախոտի կամ փոխարինիչի ծխելու արգելքը խախտելը պաշտոնական անձանց կողմից կտուգանվի նվազագույն աշխատավարձի 100 կամ 200-ապատիկի չափով, իսկ ֆիզիկական անձանց պարագայում՝ 50-ապատիկի չափով։ Միեւնույն ժամանակ, պաշտոնատար անձի կողմից նույն խախտումը առաջին խախտումից հետո երեք ամսվա ընթացքում ենթադրում է կրկնակի տուգանքի գանձում։