Երբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խանդավառությամբ հայտարարում է, որ վերջին 1,5 տարում մենք գնել ենք աննախադեպ քանակությամբ զենք, ինչը չի համապատասխանում իրականությանը, անհրաժեշտ է հիշել, որ ադրբեջանական կողմը դա կարող է օգտագործել մեր դեմ: Այս մասին դեկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը:

Նրա խոսքով՝ գնումների իրական ծավալը, հասկանալի պատճառներով, չի հրապարակվի:

«Եթե գնումների ծավալը չի հրապարակվում, ապա պետք է չէ նաեւ այդ հայտարարությունները կատարել: Ոչ ոք չի ասում, որ զենքի գնում չի կատարվում, սակայն շատ պայմանագհրեր վաղուց էին ստորագրված: Այնպես չէ, որ դուք զենքի մատակարարման պայմանագրեր եք ստորագրում, եւ հաջորդ օրը այն ստանում եք»,- նշեց փորձագետ Վրթանեսյանը:

Նա նշեց, որ բանակի արդիականացումը, սպառազինության կատարելագործումը դրական երեւույթ է, բայց մերկապարանոց հայտարարություններ կատարելու անհրաժեշտություն չկա, քանի որ Ադրբեջանը կարող է հայտարարել, որ Հայաստանը գնում է աննախադեպ քանակությամբ զենք եւ պատրաստվում է հարձակվել մեզ վրա:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին Ազգային ժոովում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2018 թվականի մայիսից Հայաստանը  ձեռք է բերել աննախադեպ քանակությամբ սպառազինություն, զենք, ռազմամթերք: