Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանը բավարարեց ինքնաբացարկի միջնորդությունը։

Հիշեցնենք, որ միջնորդությունը ներկայացվել էր անցած դատական նիստի ժամանակ, դատախազ Գեւորգ Բաղդասարյանի կողմից։ Դատախազը կասկածի էր ենթարկել դատավորի օբյեկտիվությունը։ Նման կասկածի տեղիք էր տվել ԶԼՄ-ում ընթացիկ տարվա մայիսի հրապարակումը՝ ոմն Արտակ Գալստյանի ստորագրությամբ, Քոչարյանին կալանքից ազատ արձակելու միջնորդության պատրաստմանը դատավորի մասնակցության մասին։ Դատավոր Պապոյանն ավելի ուշ հերքել էր իր մասնակցությունը եւ տեղեկացրել հանցագործության՝ զրպարտության մասին։ Գործը քննվում է։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններն առարկել են՝ նշելով, որ 21-րդ դարում ԶԼՄ-նեն ու սոցցանցերը, տեղեկատվության հզոր աղբյուր լինելով, միեւնույն ժամանակ մեծ քանակությամբ զրպարտություն եւ վիրավորանքներ են պարունակում։

Նշենք, որ Վերաքննիչ դատարանում երկրի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները կբողոքարկեն առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի վճիռը նախկին նախագահին գրավի դիմաց ազատ արձակելը մերժելու մասին։