Հայաստանը չի օգտագործում Ադրբեջանի դեմ տեղեկատվական պատերազմի առկա ռեսուրսները։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեկտեմբերի 9-ին ասաց քաղաքագետ Անժելա Էլիբեկովան։

Նրա խոսքով՝ այս ուղղությամբ Բաքվի ակտիվության մասին են վկայում կոշտ հայտարարությունների հրապարակումները երկու երկրների ղեկավարների կամ նախարարների հանդիպումներից առաջ, ինչպես նաեւ Գարեգին Նժդեհի վարկաբեկման լայն գործունեությունը։

«Հայկական կողմը զիջում է քարոզչական թեզերի առաջմղման հարցում, այն դեպքում, երբ ռեսուրսները դրա համար բավականաչափ են։ Օրինակ, ինչո՞ւ չի բարձրացվում ՍՍ-ի ջոկատների հետ ադրբեջանցիների համագործակցության հարցը»,- նշել է փորձագետը։

Էլիբեկովան վստահություն է հայտնել, որ Ալիեւային, որը հայտնի է իր ռազմաշունչ հայտարարություններով հայերի հասցեին, Ղարաբաղ՝ մուղամ լսելու հրավերը այն դիսկուրսը չէ, որը պետք է օգտագործել՝ հաշվի առնելով այն, որ նա ոչ թե պարզապես նախագահի տիկինն է, այլ երկրի երկրորդ դեմքը եւ իշխանության փաստացի ժառանգորդը։

«Պետք է մտածել այն ուղղությամբ, թե արդյոք արդյունքներ տալիս են  խաղաղության մասին հայկական կողմի միակողմանի հայտարարությունները, որոնք չեն հասնում ադրբեջանցիներին։ Ավելին, այդ նույն ժամանակ Բաքվից մշտապես հնչում են պատերազմի սպառնալիքներ։ Այս բոլոր հարցերին պետք է պատասխանեն պետական մարմինները եւ զբաղվեն այդ խնդիրներով, իսկ մինչ դա չկա, այդ առաքելությունը պետք է վերցնեն փորձագետներն ու լրագրողները»,- եզրափակել է քաղաքագետը։