Հայաստանը վճռական է իր ներդրումն ունենալ միջազգային հանրության՝ ապագա ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված միջոցների մշակման համատեղ ջանքերում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, ՄԱԿ-ի Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան նվիրված միջոցառման շրջանակներում, իր ելույթում ԱԳ ասաց նախարար Զոհրաբ Մնացականյանը։

Զոհրաբ Մնացականյանի ելույթում մասնավորապես, ասվում է.

«Հայաստանը միջազգային ասպարեզում հանդես է գալիս որպես ցեղասպանության հանցագործության դեմ պայքարի առաջամարտիկ եւ հետեւողականորեն աշխատել եւ աշխատում է ՄԱԿ շրջանակներում եւ իր բազմաթիվ գործընկերների հետ՝ Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին կոնվենցիայի, ատելության հողի վրա հանցագործություններին առնչվող շարունակական վտանգների եւ մարտահրավերների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման, ինչպես նաեւ կանխարգելման իրավական եւ ինստիտուցիոնալ կարողությունների ձեւավորման ուղղությամբ։ Ցեղասպանության կանխարգելման օրակարգի վերաբերյալ Հայաստանի կողմից նախաձեռնված բազմաթիվ բանաձեւերն իրենց ներդրումն են ունեցել այդ օրակարգի շուրջ միջազգային ջանքերի համադրման առումով: 2015 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան իր 69-րդ նստաշրջանին կոնսենսուսով ընդունեց Հայաստանի կողմից նախաձեռնած՝ դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու վերաբերյալ բանաձեւը:

Այսօր՝ ծայրահեղականության աճի, մարդու իրավունքների հանդեպ հարգանքի միջազգային հանձնառության անկման ժամանակաշրջանում, այս եւ մարդկության առջեւ ծառացած այլ լրջագույն մարտահրավերների դեմ արդյունավետ առերեսման հարցում կրթությունն առանցքային նշանակություն ունի: Առանցքային է նաեւ ցեղասպանությունների կանխարգելումը: Այս հարցում կրթությունը պետք է լինի այն շարժիչ ուժը, որը համախմբում եւ ուղղորդում է հասարակությունների եւ պետությունների՝ կանխարգելմանն ուղղված քաղաքական, դիվանագիտական, սոցիալ-տնտեսական եւ մշակութային ջանքերը:

Այս առումով այսօրվա միջոցառումը, «Ցեղասպանության կանխարգելում» թեմայով ելույթ-շարադրությունների մրցույթի կազմակերպումը եւ անցկացումը եւս մեկ հարթակ է՝ երիտասարդների ձայնը լսելի դարձնելու եւ նրանց միջոցով իրազեկելու լայն հասարակությանը ցեղասպանության եւ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ գործադրված ջանքերի եւ միջազգային հանրության միասնական գործողությունների մասին: Եվ սա վկայում է հետագա ցեղասպանությունների կանխարգելման ճանապարհին երիտասարդների` ցեղասպանության հիշողությունը պահպանելու եւ հաջորդ սերունդներին փոխանցելու պատրաստակամության կարեւորության մասին:

Ժխտողականությունը եւ անպատժելիությունը կանխարգելման հիմնական խոչընդոտներն են: Ժխտված արդարությունը հետապնդում է ցեղասպանության վերապրածների սերունդներին եւ խոչընդոտում է իրական հաշտեցումը: Ժխտողականության դեմ պայքարը եղել եւ մնում է մեզ համար ամենամեծ գերակայություններից մեկը: Որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ՝ մենք գիտակցում ենք նաեւ մեր պարտավորությունը «այլեւս երբեք»-ի օրակարգի առաջմղման հարցում: Այս համատեքստում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը ոչ միայն ուղղակի քայլ է մեր արդարությունը ճանաչելու, այլ նաեւ քայլ է ցեղասպանությունները կանխարգելելու ուղղությամբ, որովհետեւ դա պատգամ է, որ անպատժելիությունը չի աշխատելու: Այն անհրաժեշտ է ոչ այնքան պատմությանը կամ պատմաբաններին, որքան այսօր համայն մարդկությանը եւ հատկապես ինքնության հողի վրա կատարվող հանցագործությունների պոտենցիալ զոհերին: Այն անհրաժեշտ է ցեղասպան ընկալումների հաղթահարման եւ մարդու իրավունքների համընդհանուր պաշտպանության համար: Միջազգային համակարգում ցեղասպանության կանխարգելմանը միտված գործիքների ամրապնդումը, իրավական եւ գործնական հնարավորությունները զարգացնելը մշտական մարտահրավեր եւ գործառույթ է: Դա շարունակական գործընթաց է, եւ մենք շարունակաբար աշխատելու ենք այդ ուղղությամբ:

Այսպիսի ֆորումների անցկացման կարեւորագույն նպատակներից է նաեւ կրթության եւ գիտության միջոցով ցեղասպանության հանցագործության կանխարգելման հիմնահարցերի ուսումնասիրությունը, ցեղասպանության վերաբերյալ կրթությանն առնչվող առկա մարտահրավերների բարձրաձայնումը եւ այդ մարտահրավերներին դիմակայելուն միտված կիրարկվելիք քայլերի, արդյունավետ մեթոդների քննարկումը:

Մենք բոլորս ունենք կարեւոր մի պարտավորություն՝ դա հիշելու պարտավորությունն է: Եվ հետեւաբար, էական է, թե ինչպես է այդ հիշելու պարտավորությունն արտացոլվում պատմությանը վերաբերվող տարբեր նյութերում՝ դասագրքերում, հոդվածներում, գիտական աշխատություններում: Ցեղասպանությունների զոհերի՝ Մեծ Եղեռնի, Հոլոքոստի, ինչպես նաեւ Կամբոջայում, Ռուանդայում, Դարֆուրում հիշատակի օրերը պետք է լինեն սգո օրեր ոչ միայն զոհերի սերունդների, այլեւ հանցագործների սերունդների համար, քանզի այս օրերը պետք է մարդկությանը տանեն դեպի ճանաչում եւ հաշտեցում»։