Մերձավոր Արեւելքից Ամերիկայի հեռանալը օգտակար կլինի միայն Իրանի եւ Ռուսաստանի համար, հայտարարել է նախկին փոխնախագահ Դիկ Չեյնին՝ ելույթ ունենալով Դուբայում անցկացվող Արաբական ռազմավարության համաժողովում, հայտնում է AP-ը։

Չեյնին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունն ընդամենը մեկ անգամ է հիշատակել՝ գովելով նրան այն բանի համար, որ հրաժարվել է Իրանի հետ միջուկային գործարքից։

«Ռուսաստանը միշտ սպասման ռեժիմում է գտնվում, որպեսզի լցնի իշխանության դատարկ տեղերը։ Հենց այդպես էլ տեղի ունեցավ, ռուսական զորքերը ներխուժեցին, երբ ԱՄՆ-ը հեռացավ Սիրիայի հյուսիսից։ Ամփոփելով այս դեռեւս չավարտված պատմությունը՝ ոչ ոք այն չի հիշի որպես մեր լավագույն ժամանակ»,- ասել է Չեյնին։

Նրա խոսքերով՝ ծայրահեղական խմբերի, ինչպիսին են «Ալ Քաիդան» եւ «Իսլամական պետությունը», մարտահրավերները ցույց են տալիս, որ «անգործությունը կարող է ավելի մեծ վտանգ ներկայացնել, քան գործելը»։

«Մերձավոր Արեւելքում գործում են որոշ խորը չարագործ ուժեր, ինչպես նաեւ՝ դրսից ազդեցություններ»,- ասել է Չեյնին։

Ինչ վերաբերում է Իրանին, Չեյնին հայտարարել է, որ «Թեհրանում մոլլաները ամենաշատն ուզում են միջուկային զենք ունենալ»։ Սակայն ԱԷՄԳ-ը հայտարարում է, որ Իրանը 2003թ․ դադարեցրել է միջուկային զենքի հետազոտությունները, իսկ Թեհրանը պնդում է, որ իր ծրագիրը խաղաղ նպատակների համար է նախատեսված, հավելել է նա։

Չեյնին նաեւ ՆԱՏՕ-ն անվանել է «ամենահզոր դաշինքը պատմության մեջ»։ «Այդ հետպատերազմյան համակարգն այնքան ամուր է, որ տարեցտարի հազիվ թե նշանակություն ունենար, թե ինչ քաղաքական կուսակցություններ են եղել իշխանության գլուխ»,- հավելել է նախկին փոխնախագահը։