Օրենսդրական փաթեթը առաջարկում է Սահմանադրական դատարանի դատավորների ինքնակամ հիմունքներով վաղաժամ թոշակի անցնելու նոր ժամանակավոր մոդելը։ Այս մասին դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԺ նիստում «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու օրենսդրական նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Այսպիսով, նրա խոսքերով, եթե ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորները թոշակի անցնեն մինչեւ 2020թ․ դեկտեմբերի 31-ը, ապա նրանց թոշակի չափը համապատասխան կլինի ընթացիկ աշխատավարձին՝ հաշվի առնելով հավելավճարները։ Նշենք, որ, ընդհանուր առմամբ, վաղաժամ թոշակի անցած ՍԴ դատավորներին նախատեսվում է վճարել 600 մլն դրամ, ինչը նախկինում առաջացրել էր խորհրդարանական ընդդիմության վրդովմունքը՝ ի դեմս «Լուսավոր Հայաստանի» եւ «Բարգավաճ Հայաստանի»։