Կարծում եմ, որ «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի մասով գործի վարույթը կարճվելու է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղամ Պետրոսյանի պաշտպան Վաղարշակ Գեւորգյանը։

Նշենք, որ  Պետրոսյանը օգոստոսի 4-ին «Երեւան Կենտրոն» ՔԿՀ-ից ազատ է արձակվել։

«Գեղամ Պետրոսյանի շուրջ ստեղծված այդ աղմուկը միֆ էր։ Բոլորը հասկացան, որ նման հանցագործություն տեղի չի ունեցել։ Գեղամ Պետրոսյանի գործի վախճանն, իմ կարծիքով, լինելու այն, որ իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվելու է եւ այդ մասով գործի վարույթը կարճվելու է։ Սակայն որեւէ մեկն ինձ հետ չի խոսել, ես առայժմ որեւէ տեղեկատվություն չունեմ»,- ասաց պաշտպանը եւ հավելեց, որ իր պաշտպանյալի ազատ արձակվելուց ի վեր նրա նկատմամբ որեւէ քննչական գործողություն չի արվել։

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ 70–ամյա Գեղամ Պետրոսյանին Մարտի մեկի իրադարձություններից 10 տարի անց մեղադրանք է առաջադրվել հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին սպանելու համար: Դատարանը նրա նկատմամբ կալանավորման որոշում էր կայացրել ապրիլի 4–ին, սակայն օգոստոսի 4-ին ազատ արձակել։