Այսօր մարդկությունը բախվել է գլոբալ տաքացման դեմ միջոցներ ձեռնարկելու սուր անհրաժեշտության հետ։ Այս խնդիրն անիրականանալի է թվում, սակայն ոչ վաղ անցյալում մեզ արդեն հաջողվել է նվազեցնել Երկրի վրա միջին ջերմաստիճանի աճի տեմպերը։ Իսկ դա օգնել է անել Մոնրեալյան արձանագրությունը, որը մշակվել է 1987թ․՝ երկրագնդի շուրջ օզոնային շերտը պաշտպանելու համար, եւ ուժի մեջ է մտել մեկ տարի անց, գրում է Naked-Science-ը։

Օզոնային շերտը երկրագունդը ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանելու համար կարեւոր դեր է կատարում։ Օզոնը կազմված է օքսիգենի երեք ատոմներից եւ առաջանում է մոլեկուլյար թթվածնի վրա արեւային ուլտրամանուշակագույնի ազդեցության արդյունքում։ Հետադարձ ռեակցիան օզոնի քայքայումն է՝ թթվածնի առաջացմամբ, որը նպաստում է առավել խիստ ճառագայթման կլանմանը։

20-րդ դարի երկրորդ կեսին քլորֆտորածխածնի աճող արտադրությունը հանգեցրել է օզոնային շերտի բարակեցմանը եւ օզոնային անցքերի առաջացմանը։ Այս նյութերը հիմնական ներդրումն ունեն օզոնային շերտի քայքայման մեջ մթնոլորտի վերին շերտերում, հենց այդ պատճառով էլ նյութերի այս խմբի արտադրությունը այսօր արգելված է։

Նոր Հարավային Ուելսից ավստրալացի գիտնականները տարբեր կլիմայական սցենարների համակարգչային տարբերակներ են ստեղծել, որպեսզի պարզեն, թե ինչ կլիմա կլիներ Երկրի վրա, եթե Մոնրեալյան արձանագրությունը հավանության չարժանանար։ Հետազոտության մասին հոդվածը հրապարակվել է Environmental Research Letters-ում։

Քլորֆտորածխածնի արտադրության արգելքի շնորհիվ աստիճանաբար նվազում է հայտնի օզոնային անցքերից ամենամեծի տարածքը, որը գտնվում է Անտարկտիդայի վրա։ ՆԱՍԱ-ի տվյալներով՝ 2000 թ․ դրա միջին տարեկան մակերեսը կազմել է 24,8 մլն ք/կմ, իսկ 2019թ․՝ ընդամենը 9,3 մլն ք/կմ։

Ավստրալացի գիտնականների աշխատանքը ցույց է տալիս Մոնրեալյան արձանագրության կարեւորությունը եւ այն, որ վնասակար արտանետումների սահմանափակման մասին միջազգային պայմանագրերը իսկապես աշխատում են։ Նման միջոցառումները կարող են բարենպաստ ազդել մեր կլիմայի վրա եւ կօգնեն խուսափել տաքացման վտանգավոր մակարդակից, կամ գոնե մարդկությանը ավելի շատ ժամանակ կտան, որպեսզի դրան պատրաստվի։