Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նախկին լրագրող Սիրանույշ Մուրադյանը եւ Լիանա Կարապետյանը նախնական տրամադրվածությամբ պատրաստ են աշխատել Հանրային հեռուստաընկերությունում։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Սիրանույշ Մուրադյանը։

Նշենք, որ մի քանի ժամ առաջ Վարչական դատարանը՝ Սամվել Հովակիմյանի նախագահությամբ, բավարարել էր Սիրանույշ Մուրադյանի եւ Լիանա Կարապետյանի հայցը։

«Ընդամենը 2 ժամ առաջ է կայացվել որոշումը։ Հետոն արդեն ցույց կտա ժամանակը։ Մենք պայքարում ենք արդարությունը վերականգնելու համար։ Դատարանը հաստատեց, որ որոշումը ապօրինի էր։ Դատարանի որոշումից հետո կա նաեւ բողոքարկման հնարավորություն»,- ասաց Սիրանույշ Մուրադյանը։

Հիշեցնենք, որ տարեսկզբին Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության նորանշանակ տնօրեն Պետրոս Ղազարյանը, պատճառաբանելով «հին աշխատող» լինելու հանգամանքը,  կրճատել  էր երկարամայա փորձ ունեցող լրագրողների։  Դրանից հետո նրանցից երկուսը՝  Սիրանույշ Մուրադյանը եւ Լիանա Կարապետյանը, հայցով դիմել էին դատարան՝ բողոքարկելու իրենց կրճատման մասին որոշումը։