Նախագահ Դոնալդ Թրամփը «թաքնված գրոհներ» է նախաձեռնել Amazon-ի դեմ, ինչը հանգեցրել է նրան, որ ընկերությունը Պենտագոնի համար ամպային ծառայությունների ստեղծման խոշոր պայմանագիրը չի շահել։ Այս մասին ասվում է ընկերության հայտարարության մեջ, հայտնում է CNBC-ը։

103 էջանոց փաստաթղթում Amazon Web Services-ը շարադրում է, թե ինչու է բողոքում Microsoft-ին JEDI (Joint Enterprise Defense Infrastructure) պայմանագիրը շնորհելու պաշտպանության նախարարության որոշման դեմ։ AWS-ը պնդում է, որ 10 մլրդ դոլարի JEDI պայմանագիրը չի շահել միայն Amazon-ի եւ մասնավորապես նրա տնօրեն Ջեֆ Բեզոսի դեմ Թրամփի հրապարակային ու մասնավոր բազմաթիվ գրոհների պատճառով։

«Հարցն այն է, թե կարելի՞ է արդյոք թույլ տալ Միացյալ Նահանգների նախագահին պաշտպանության նախարարության բյուջեն օգտագործել իր անձնական եւ քաղաքական նպատակների համար»,- ասվում է հայտարարության մեջ։

AWS-ը հաստատում է, որ Թրամփի միջամտությունը գնումների գործընթացում «հիմնավոր դեֆեկտ» էր, որը Պենտագոնին զրկեց հաղթողի մասին «խելամիտ, հետեւողական եւ արդար ու հավասար կերպով» դատելու հնարավորությունից։ Ընկերությունը նշում է, որ Թրամփը «չի թաքցրել իր անձնական թշնամանքը Բեզոսի եւ նրա «Վաշինգտոն փոստ» թերթի հանդեպ։ Թրամփն օգտագործել է իր պաշտոնը, որպեսզի խանգարի AWS-ին շահել պայմանագիրը, պնդում է ընկերությունը։

Նախորդ ամիս Amazon-ը հաստատել էր, որ ԱՄՆ Դաշնային դատարանում կբողոքարկի JEDI-ի հարցով որոշումը։ Պենտագոնը հոկտեմբերի 25-ին հայտարարել էր, որ պայմանագիրը Microsoft-ն է շահել։