Ղրղզստանի մայրաքաղաքի արեւմտյան մասում տեղի ունեցած փոխհրաձգության հետեւանքով 3 մարդ ստացել է տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են երկրի առողջապահության նախարարությունից:

«Փոխհրաձգությունից հետո մայրաքաղաքի հիվանդանոցներում հոսպիտալացվել է հրազենային վիրավորումով 3 մարդ»,- նշել է նախարարության ներկայացուցիչը: Նրա խոսքով՝ ներկայումս նրանք «ստանում են անհրաժեշտ բուժում»: «Հոսպիտալացվածներից մեկը՝ ծնված 1988 թվականին, ծանր վիճակում է»,- նշել է զրուցակիցը:

Երեքշաբթի երկրի ՆԳ նախարար Կաշկար Դշունուշալիեւը լրագրողներին հայտնել է, որ փոխհրաձգությունը տեղի է ունեցել  դեկտեմբերի 10-ի լույս գիշերը՝ Գագարինի եւ Բակաեւի փողոցների խաչմերուկում: «Այնտեղ տեղի է ունեցել ճանապարհային պատահար, որից հետո մասնակիցները նախ հարաբերություններ են պարզել, իսկ հետո կրակոցներ արձակել»,- ասել է նա:

Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ միջադեպի բոլոր մասնակիցներն արդեն ձերբակալված են եւ ցուցմունքներ են տալիս: «Նրանց հետքի վրա դուրս գալուն օգնել են քաղաքում տեղադրված տեսասարքերը»,- նշել է նա:

Նախարարը հայտնել է, որ փոխհրաձգությանը մասնակցել են «կազմակերպված հանցավոր խմբավորումներից մեկի անդամները»: