Դատարանի որոշմամբ ռուսական ORSIS («Պրոմտեխնոլոգիա») զինագործական ընկերությանը հանել են Հայաստանի մատակարարների սեւ ցուցակից, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է հայ փաստաբանների կոլեգիայի փաստաբան, այդ երկրում ձեռնարկության շահերը ներկայացնող Ալեքսանդր Սիրունյանը:

ORSIS-ը Հայաստանի ԶՈՒ-ին եւ երկրի այլ ուժային կառույցներին զենքի մատակարարների սեւ ցուցակի մեջ էր ներառվել ՀՀ պաշտպանության նախարարության կողմից մի քանի միլիոն դոլարի ռազմական տեխնիկայի մրցույթի տապալումից հետո, որին մասնակցել էր այս ընկերությունը: Ռուսաստանի արդյունաբերության եւ առեւտրի նախարարությունն ավելի ուշ նամակ էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին, որում այդ որոշումը գնահատվել էր որպես «չպատճառաբանված»:

Մրցույթի տապալման փաստով քրեական գործ էր հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածով (ծառայությանը անփույթ վերաբերմունք), որը ներկայումս Հայաստանի Հատուկ քննչական ծառայության վարույթում է:

«Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է մեր միջնորդությունը եւ կասեցրել Հայաստանի ֆինանսների նախարարության որոշումը ORSIS-ը սուբյեկտների սեւ ցուցակի մեջ ներառելու մասին, որոնք իրավունք չունեն մասնակցելու պետական գնումներին»,- ասել է Սիրունյանը:

Նա նշել է, որ ORSIS-ը կրկին մրցույթների մասնակցելու եւ հայկական ուժային գերատեսչություններին մատակարարումներ իրականացնելու իրավունք ունի: