Երկու տասնամյակից ավելի Սահմանադրական դատարանը ձախողել է իր սահմանադրական առաքելությունը՝ հովանավորել եւ որոշ դեպքերում խթանել է ՀՀ-ում հակաժողովրդավարական, հակաիրավական զարգացումները։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը։

«ՍԴ-ն քայլ առ քայլ մեկուսացրել է իրեն սահմանադրության գերակայության, սահմանադրական անվտանգության, սահմանադրականության պաշտպանի գործառույթներից»,-նշեց նա։

Բաբաջանյանի համոզմամբ՝ ՍԴ-ի վերջին երկու տասնամյակի գործունեությունը կարելի է համարել ժողովրդավարության պահապանից բանտապահի վերածվելու դերակատարություն․ «Հայաստանում կա սահմանադրական ճգնաժամ։ ՍԴ գործող դատավորների մեծամասնությունը մասնակից ու հանցակից է եղել անցած մեկուկես տասնամյակների ընթացքում ՀՀ-ում բոլոր ընտրակեղծարարություններին։ Գրեթե բոլոր դեպքերում ՍԴ-ում ընտրությունների արդյունքների վիճարկման գործընթացն ուղեկցվել է քաղաքական հետապնդումներով, ջարդարարությամբ, քաղաքական կուսակցությունները ջարդուփշուր անելով, սպանություններով: Կարող ենք պնդել, որ այս ՍԴ-ն գործուն մասնակցություն է ունեցել ընտրությունների եւ հանրաքվեների կեղծմանը: Դա եղել է իշխանության բռնազավթման գործընթաց»:

Նա անընդունելի է համարում, որ ՍԴ դատավորներին պատասխանատվության փոխարեն առաջարկվում է կենսաթոշակ․ «Այս պայմաններում մենք նրանց իրավաքաղաքական գնահատական տալու փոխարեն առաջարկում ենք արտոնյալ պայմաններով պաշտոնաթող լինել: ՍԴ դատավորներին պատասխանատվության փոխարեն առաջարկվում է կենսաթոշակ, որը մեզ չի մոտեցնում ՍԴ ճգնաժամի հաղթահարմանը»։

Պատգամավորը նաև շեշտեց՝ Ռիգայում Սահմանադրական դատարանի անդամները բողոքել են ՀՀ իշխանություններից․ «Կուզենայի օրերս տեղի ունեցած՝ շատ վատ եւ աննախադեպ երեւույթի մասին տեղեկացնել: Սահմանադրական դատարանի անդամներն օրերս եղել են Ռիգայում, հանդիպել են իրենց գործընկերների հետ և բողոքել ՀՀ իշխանությունից, իրենց վրա գործադրվող ճնշումների մասին են պատմել: Հիշենք, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը ՌԴ դեսպանի հետ հանդիպեց այն կարևոր ժամանակահատվածում, երբ քննվում էր երկրի գլխավոր մեղադրյալի վերաբերյալ գործը: Այս ամենն ապացուցում է, որ իրավիճակը ճգնաժամից էլ ավելի խորն է։ Պարոն նախարար, խորապես հիասթափված եմ ձեր ու իշխանության այս 2–րդ փորձից»: