ՀՀ Ազգային ժողովում այսօր՝ դեկտեմբերի 10-ին, առաջին ընթերցմամբ ընդունվեց Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրենքի նախագծերի փաթեթը։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ ըստ քվեարկության՝ կողմ է քվեարկել 65 պատգամավոր, դեմ 33, ձեռնպահներ չկային, իսկ 18 պատգամավորներ կողմ լինելու մասին նամակներ էին թողել։

Դեմ են քվեարկել «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները։

Պետաիրավական հանձնաժողովն առաջարկել էր այս նախագծի համար սահմանել հատուկ ընթացակարգ, այն է՝ 2-րդ ընթերումը իրականացնել 24-ժամվա ընթացքում։ Այս առաջարկը ևս ընդունվեց՝ 66 կողմ, 27 դեմ, 3 ձեռնպահ և 17 պատգամավորների կողմ լինելու մասին նամակներով։

Արարատ Միրզոյանը նշեց, որ օրենքի նախագծի երկրորդ ընթերցումը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին, ժամը 10:00-ին:

ՀՀ կառավարության ներկայացրած «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին» և կից օրենքների նախագծերի փաթեթով նախատեսվում է, որ, եթե Սահմանադրական դատարանի դատավորները, այդ թվում նախագահ Հրայր Թովմասյանը, օրենքի ընդունումից 2 ամսվա ընթացքում հրաժարական տան, ապա մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը կստանան իրենց աշխատավարձի չափով կենսաթոշակ: