«Երկիր մեդիա» հեռուստաալիքի տնօրեն Դավիթ Հակոբյանն առաջարկում է «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նախագծի գործողության ոլորտում ներառել  YouTube-ը եւ անալոգային ալիքները։ Իր կարծիքը նա հայտնել է նշված օրինագծի քննարկման ընթացքում։

Հակոբյանը նշել է, որ այս փուլում չկա օրենքի նախագիծ որպես այդպիսին, քանի որ ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում Վահագն Թովմասյանը հավաստիացրել է, որ մշակված օրինագիծն այս տեսքով քննարկման չի դրվել, եւ դրանում մտցվելու են ԶԼՄ ներկայացուցիչների առաջարկություններն ու դիտողությունները։

Միեւնույն ժամանակ, Հակոբյանը նշել է, որ ԶԼՄ-ները տեխնիկայի զարգացման պայմաններում հայտնվում են տարբեր մրցակցային վիճակներում։

Դավիթ Հակոբյանը հիշեցրել է հեռարձակումների բովանդակության հարցի նրբությունը, ինչի ապացույցն է դարձել ոչ միայն ապրիլյան պատերազմը, այլեւ հայկական ԶԼՄ-ներում հայտնվող՝ հակառակորդի ապատեղեկատվությունը։  «Անհրաժեշտ է գիտակցել պատասխանատվության աստիճանը»,- զգուշացրել է Հակոբյանը։ Միաժամանակ, նշել է նա, անհրաժեշտ է զերծ մնալ իրավիճակից, երբ եթերում կարող են մնալ միայն զվարճալի հաղորդումներն ու գովազդը։