Սերժ Սարգսյանին ոչ ոք չի լռեցրել։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանին առաջադրված մեղադրանքին հաջորդած  ՀՀԿ այն հայտարարությանը, որ դրա նպատակն է լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին Հայաստանին և Արցախին սպառնացող վտանգների ֆոնին։

«Սերժ Սարգսյանին ոչ ոք չի լռեցրել։ Ինչքան ես տեսնում եմ տարբեր հայտարարություններից, Թե ՀՀԿ–ն, և թե Սերժ Սարգսյանը որոշել են լռել , այսքան ժամանակ լռում էր, հիմա էլ առանձնապես չի խոսում։ Փորձեմ շղթան հասկանալ։ Այսինքն ՝ այն քաղաքական ուժը, պետության այն ղեկավարը, որը հարցազրույցում ասում է՝ ես պատրաստ էի հինգ շրջան տալ, բայց Ալիևը չեկավ,, հիմա ո՞րն է տրամաբանությունը, երբ Հայաստանը փորձում է նոր ձևաչափով գնալ և փորձում է լռեցնել մի մարդու, ում տեսակետը եղել է հինգ շրջան տա՞լը։ Ես այս երկու գործընթացներն իրար չէի կապի»։

Նրա խոսքով՝ հասարակությունը ՀՀԿ–ից սպասում է մի քաղաքական հայտարարություն. ինչո՞ւ այն ուժը, որը միշտ ասում էր՝ կուզենա կխփի 50 և խփում էր 60, ուզենար՝ 70 կխփեր ժողովրդավարական ընտրությունների ժամանակ չստացավ բավարար շեմ ԱԺ–ում լինելու համար։