Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր՝ դեկտեմբերի 10–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռումինիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Կորնել Իոնեսկուին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանումյ է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական ծառայությունից։

Իր օրհնությունն ու բարեմաղթանքերը բերելով նորանշանակ դեսպանին` Ամենայն Հայոց Հայրապետը գոհունակությամբ անդրադարձել է երկու երկրների ու ժողովուրդների ջերմ և սերտ հարաբերություններին, ինչը վկայված է նաև Ռումինիայում շուրջ հազար տարվա պատմություն ունեցող հայկական ժառանգության առկայությամբ:

Հայ-ռումինական հարաբերությունների սերտացման, խորացման և համագործակցության ընդլայնման գործում Նորին Սրբությունը կարևորել է Ռումինիայի հայ համայնքի դերակատարությունը: Վեհափառ Հայրապետը նաև խոսել է Ռումինիայի և ռումին ժողովրդի հանդեպ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առանձնահատուկ ջերմության մասին, ինչը պայմանավորված էր երջանկահիշատակ Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի անձով և գործունեությամբ:

Շնորհակալություն հայտնելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին օրհնության և բարեմաղթանքերի համար՝ պրն. Կորնել Իոնեսկուն հավաստիացրել է, որ իբրև դեսպան իր ջանքերը կներդնի հայ-ռումինական հարաբերությունների առավել ամրապնդման համար: Դեսպանը անդրադարձել է նաև Ռումինիայի հայ համայնքի և Ռումինիայի հայոց թեմի կյանքին` ընդգծելով տարբեր ժողովուրդների ազգային ինքնության և մշակութային ժառանգության պահպանմանն ի նպաստ Ռւոմինիայի իշխանությունների կողմից դրսևորվող հոգատարությունը:

Հանդիպման ավարտին Վեհափառ Հայրապետն իր եղբայրական ջերմ ողջույններն ու բարեմաղթանքներն է փոխանցել Ռումին Ուղղափառ Եկեղեցու Դանիել Պատրիարքին` նորանշանակ դեսպանին մաղթելով, որ Աստված ուղեկից լինի վերջինիս իր առաքելության արդյունավորման համար: