Անվտանգության տեսակետից Հայկական ատոմային էլեկտրակայանը գնահատվում է ամենաբարձր միջազգային ստանդարտներով, ուստի ադրբեջանական կողմը կարող է այս առումով չմտահոգվել: Այս մասին դեկտեմբերի 10-ին լրագրողների հետ զրույցում ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով կայանի հնարավոր փակման հարցին:

Նախարարի խոսքով՝ ԱԷԿ-ի շահագործման եւ նրա անվտանգության հարցերը քննարկվում են, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ, եւ այս պահին չկա էներգիայի այլընտրանքային աղբյուր, որը կկարողանար ԱԷԿ-ը փոխարինել:

Նա նշեց, որ այսօր ԱԷԿ-ն բավարարում է Հայաստանի էլեկտրաէներգիայի պահանջի 40 տոկոսը, իսկ արդիականացման համապատասխան աշխատանքներ կատարելուց հետո այս ցուցանիշը կարող է հասնել մինչեւ 50 տոկոսի: «Հայաստանի համար ԱԷԿ-ն ունի ռազմավարական կարեւոր նշանակություն, եւ մեր միջազգային գործընկերները պետք է այս հարցին ըմբռնումով մոտենան»,- շեշտեց Պապիկյանը:

Նախարարը պարզաբանեց, որ նախատեսվում է շահագործման ժամկետը երկարացնել մինչեւ 2026 թվականը, իսկ պարբերաբար արդիականացնելու դեպքում այն կարելի է երկարացնել նաեւ մինչեւ 2036 թվականը:

Հիշեցնենք, որ օրերս «Եվրանեսթի» Խորհրդարանական վեհաժողովում Հայկական ԱԷԿ-ը փակելու հարցը բարձրացնելու ադրբեջանական պատվիրակության փորձը  ձախողվել է հայկական պատվիրակության ջանքերով: