Apple ընկերության չինական ծագում ունեցող նախկին աշխատակիցներին մեղադրում են առեւտրային գաղտնիքը գողանալու եւ այն իրենց հայրենիքին փոխանցելու մեջ, տեղեկացնում է «Վեստի»-ն։

Apple տեխնոլոգիական հսկան փորձում է դատարանի միջոցով ԱՄՆ-ում պահել իր երկու նախկին աշխատակիցներին։ Չինական ծագում ունեցող ամերիկացիներ Սյաոլան Չժանը եւ Չժի Չժուն Չենը մեղադրվում են ընկերության առեւտրային գաղտնիքը գողանալու մեջ, եւ, դատախազների կարծիքով, նրանք լիովին կարող էին այդ գաղտնիքները տանել իրենց հայրենիք՝ Չինաստան։

Մասնավորապես, Չժանը, Reuters-ի տեղեկատվությամբ, աշխատել է Apple-ի գաղտնի ծրագրի վրա՝ մեքենան ինքնուրույն վարելու համար, եւ հավաքել է ֆայլեր՝ կապված նախագծի հետ նախքան ղեկավարությանը հայտնելը, որ գնում է չինացի մրցակիցների մոտ։ Դաշնային գործակալները ձերբակալել են Չժանին անցած տարի Սան Խոսե օդանավակայանում, դեպի Չինաստան ուղեւորվելիս։

Մեղադրողները նաեւ հավաստիացնում են, որ Չենը Apple-ից վերցրել է ավելի քան 2 հազար ֆայլ, որոնք պարունակում են «ուղեցույցներ, սխեմաներ եւ համակարգչային էկրանների լուսանկարներ, որոնք ցույց են տալիս Apple-ի պաշտպանված տվյալների շտեմարանների էջերը»՝ մտադրություն ունենալով դրանք հանձնել մրցակիցներին։ Չժի Չժուն Չենին նույնպես կալանավորել են Չինաստան թռչել փորձելիս։

Տղամարդկանց մեղադրել են առեւտրային գաղտնիքը գողանալու մեջ, բայց  նրանցից ոչ մեկը չի ընդունել մեղքը։ Apple-ի նախկին աշխատակիցներին գրավի դիմաց բաց են թողել, եւ այդ ժամանակվանից նրանք գտնվում են հսկողության տակ (կրում են ռադիո- եւ GPS տվիչներ)։ Դատախազությունը, ունենալով Apple-ի հավանությունը, պնդում է, որ մեղադրյալները կրիչները կրեն մշտապես եւ չհեռանան ԱՄՆ-ից։

Երկու կասկածյալների փաստաբան Դանիել Օլմոսն ասել է, որ իր պաշտպանյալները լուրջ պատճառներ ունեն՝ կապված ընտանիքի հետ, եւ նրանք պետք է լինեն Չինաստանում։ Բայց ԱՄՆ դատախազի օգնական  Մարիսա Հարիսը պնդում է, որ եթե նրանցից որեւէ մեկը մեկնի Չինաստան, դաշնային պաշտոնյաների համար դժվար, եթե չասենք՝ անհնար կլինի  ապահովել նրանց արտահանձնումը դատի համար։