Ամերիկյան անգլերենի Merriam-Webster բառարանը, որն առավել հայտնի է որպես Ուեբսթերի բառարան, they (նրանք) բառն անվանել է 2019 թվականի բառ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«2019 թվականի մեր բառն է they-ը (նրանք)»,- հայտարարել է բառարանի հատուկ խմբագիր Պիտեր Սոկոլովսկին, որի ելույթի տեսագրությունը հրապարակվել է բառարանի կայքում:

Նրա խոսքով՝ սա այն փաստի փոփոխության հետեւանքն է, թե բառն ինչպես է օգտագործվում:

«Անգլերենին չի բավականացնում սեռի հանդեպ չեզոք եզակի թվով դերանունը, որը համապատասխանում է «բոլորը», «որեւէ մեկը», «ինչ ասես» բառերին...Ոչ այնքան վաղուց they-ը նաեւ օգտագործվում է մեկ մարդու վերաբերյալ, ում գենդերային պատկանելությունը բինարային չէ»,- հավելել է նա:

Ուեբսթերի բառարանի տարբերակով 2018 թվականին տարվա բառն էր դարձել justice-ը, որը կարող է նշանակել «արդարություն», «արդարադատություն», «դատավոր» եւ այլն: